Խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն ներկայցնելու համար բացարձակապես տարաձայնություն չի եղել ՔՊ-ում․ Հակոբ Ասլանյան
«Բոլորը կողմ են եղել առաջարկվող միջնորդությանը»,-ասաց նա:
Հակոբ Ասլանյանը չգիտի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւս ստորագրել է, թե ոչ, հաշվի առնելով, որ Անի Գեւերգյանն իր եղբոր կինն է:
Հարցին՝ արդյոք չարաշահում չէ, որ Ալեն Սիմոնյանի թիմակիցները երաշխավորություն են ներկայացնում նրա ընտանիքի անդամի համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Անկախ նրանից, թե դա Ալեն Սիմոնյանի հարազատն է, թե ով է, դա նշանակություն չունի, ես ստորագրել եմ կոնկրետ միջնորդության տակ: Միջնորդությունը կոնկրետ ուժ չունի, հատկապես խոսքը երկու կանանց մասին է, որոնք մանկահասակ երեխաներ ունեն: Մենք միջնորդել ենք, եթե կմերժեն, թող մերժեն եւ հիմնավորեն»:
Հիշեցմանը, որ վերջերս կալանավորվեց արցախցի ընդդիմադիր հայացքներով մի կին, որը եւս երկու անչափահաս երեխա ուներ, Հակոբ Ասլանյանն ասաց. «Ես չգիտեմ, գուցե այնտեղ ուրիշ որակներ են եղել, սա ուրիշ է»:
Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից: