ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կանգնեցրեք մեր պետության գահավիժման ընթացքը. Կապանի քաղաքապետը՝ Փաշինյանին

Կանգնեցրեք մեր պետության գահավիժման ընթացքը. Կապանի քաղաքապետը՝ Փաշինյանին

Կապանցիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին այսօր Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կապան համայնքում առաջացած հետպատերազմյան իրավիճակը մեզ ավելի ու ավելի վճռական է դարձնում, հասկանում ենք՝ Նիկոլի և նրա կազմի հրաժարականը խիստ անհրաժեշտություն է: Պարոն Փաշինյան, ասում եք՝ բոլորը ձեր եղբայրներն են, խնդրում ենք ձեզ, պահանջում ենք, կանգնեցրեք մեր պետության գահավիժման ընթացքը, դա Դուք կարող եք անել Ձեր հրաժարականով՛՛:

Փարսյանը քաղաքացիներին ներկայացրեց իրավիճակը դեկտեմբեր ամսվա դրությամբ, երբ պահանջել են նահանջել և զիջել կարևորագույն սահմանագծեր, իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տեղյակ չի եղել այդ որոշումներից և իրենց սատարելով՝ ասել՝ պետք է պայքարենք, կռիվ տանք և երբևէ չհանձնեք այս կարևորագույն սահմանագծերը:

Քաղաքապետը, անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանն ու դրան հետևած՝ վարչապետի քայլերին՝ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտոնից հեռացնել մի մարդու, ով այդ ողջ ընթացքում հայրենասեր կերպով փորձել է խոչընդոտել տարածնքերի զիջմանը, և իր կազմում է պահում նախարարի, ով գրչի հարվածով կարևորագույն տարածքներ է հանձնում:

Ամփոփելով իր խոսքը՝ Փարսյանը նշեց. ՛՛Քաղաքական և հասարակական ճգնաժամն ունի միայն մեկ լուծում, և եթե այդ լուծումը չլինի, ապա երկիրը կգնա վերջնական կործանման: Համակարգը կաշխատի միայն ու միայն Նիկոլի հրաժարականով և նոր ընտրություններով՛՛:

  • Կիսվել: