Կան երկրներ, որ պատերի տակ շարում, գնակահարում են, ասում են՝ այս ինչ լավ էր, սիրտս հովացավ, բա հետո՞, դալշե՞. Փաշինյան
Եթե նույնիսկ մենք խոսում ենք ընդհանուր հանցավորության, թալանի, թալանչիների և նրանց նկատմամբ մեր գործողությունների մասին, մենք այդ ժամանակ էլ իրենց մասին չենք խոսում, խոսում ենք այն մոդելի մասին, որը մենք ուզում ենք ունենալ որպես պետություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, շատ դեպքերում ես ինքս եմ քննադատաբար տրամադրված, բայց ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում որոշ մարդկանց ուզածը հաշվեհարդարն է ու վրեժն է։ Ես ասում եմ՝ չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում հաշվեհարդար և վրեժ։
Ասում եք՝ առանց անմեղության կանխավարկածը խախտելու, բայց բոլորս ամեն ինչ գիտենք։ Այս երկու նախադասությունը բախվում են իրար ու երկուսն էլ փշուր-փշուր են լինում։ Հա, դժվար է, հեշտ չի, բայց հեշտ չի, ոչ թե նրա համար, որ մենք հոգ ենք տանում թալանչիների համար, այլ մենք հոգ ենք տանում մեր պետության համար: Մենք ուզում ենք մեր պետությունում ինստիտուտ կայացվի: Այո, մենք ինչ ասես կարողանք անենք, բայց դրանից ի՞նչ ենք մենք դառնալու որպես պետություն և որպես հանրություն։ Այո, կան այդպիսի երկրներ, որ պատերի տակ շարում են, գնակահարում են, հետո ասում են՝ խվա՜յ, այս ինչ լավ էր, սիրտս հովացավ: Հետո հասկանում են, որ երկրի փոխարեն ստացել են խորշ, գոմ:
Կան այդպիսի երկրներ ու համոզված եմ, նույնիսկ այդ գլուխները վերցրել, պարել են, վայ,ինչ լավ է սրա գլուխը կտրեցինք:
Բայց արդյունքում ի՞նչ, հետո՞, դա՞լշե, պատո՞մ։ Որ դու ինչ-որ մեկին տալիս ես, սպանում, ինքը ավարտվեց, մնացած ամբողջը դու ես դեֆորմացվում, դու ես դառնում մարդասպան, դու ես դառնում հանցագործ: Ես մեր երկիրը այդպես չեմ պատկերացնում, եթե հանցագործ են, ու՞ր են փախնելու:
Շատերը կան, ասում են՝ մեզ հետ անմարդկային ձևով են վարվում, այս յոթ տարի է քոռ դանակով մորթում, մորթում են, այդպես էլ չեն մորթում, այդ տեսակետն էլ կա։ Բայց մենք ինստիտուտի մասին պիտի մտածենք և մեր պրոբլեմը ինստիտուտի չկայացումն է»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա վստահություն հայտնեց, որ արդարությունն ու արդարադատությունը հասնելու է բոլորին. «Արդարադատությունը ցուցակ չի ունենում, արդարադատությունը ունենում է սկզբունքներ, այդ սկզբունքը պետք է դրվի և այդ սկզբունքը դրվում է, դժվար, դաժան, բարդ, անընդհատ ձախողումներով, բայց դրվում է»: