ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կա ընդունված Սահմանադրություն 2015 թվականին, և կա ՍԴ դատարանի մոդել, որը չի համապատասխանում ընդունված Սահմանադրությանը․ Մակունց

Կա ընդունված Սահմանադրություն 2015 թվականին, և կա ՍԴ դատարանի մոդել, որը չի համապատասխանում ընդունված Սահմանադրությանը․ Մակունց

Հանրաքվեի չեղարկումը համավարակի այս պարագայում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ մենք չենք կարող նման պարագայում անցկացնել հանարաքվե, և սա պետք է ընդունելի լիներ նաև ընդդիմադիր մեր գործընկերների համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է ԱԺ-ում այսօր ընդունված ՍԴ մասին սահմանադրական օրենքի փոփոխություններին:  

«Բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն, իսկ այս պարագայում՝ քաղաքացու անվտանգությանը: Կարծում եմ՝ մտահոգությունը պայմանավորված է ոչ այնքան հանրաքվեն չեղարկելով: Մենք կարծում ենք, որ դա ՍԴ դատարանի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում, և նրանց դիրքորոշումը պայմանվորված է հենց դրանով:

Իսկ ի՞նչ է նշանակում լուծել ՍԴ ճգնաժամը: Դա նշանակում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, այդ թվում՝ ՍԴ-ն, պետք է գործի այն Սահմանադրությամբ, որն ընդունվել է, ինչը հիմա այսպես չէ: Այո, մենք ասել ենք, որ ձեռնարկելու ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի 2015 թվականի Սահմանադրությունը և ՍԴ-ի մոդելը համապատասխանեն իրար»,- պարզաբանեց Մակունցը:

Մակունցը շեշտեց՝ կա ընդունված Սահմանադրություն 2015 թվականին, և կա ՍԴ դատարանի մոդել, որը չի համապատասխանում ընդունված Սահմանադրությանը:

«Համավարակի առնչությամբ տասնյակից ավել միջոցառումներ են իրականացվում, և չի նշանակում՝ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը պետք է կանգ առնի: Ոչ միայն Սահմանադրական դատարանի հետ կապված, այլև դատաիրավական համակարգի բարեփոխումների, ոստիկանության վերաբերյալ նախագծի և այլն:

Արդարադատության նախարարությունը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողով, և պատասխանից հետո «Իմ քայլը» խմբակցությունը կքննարկի՝ ի՞նչ տարբերակով է առաջ գնալու: Չի բացառվում, որ առաջ կգնանք այն տարբերակով, որը շրջանառվում է»,- ասաց նա:

  • Կիսվել: