հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Դավիթ Թադևոսյանը և Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարարը քննարկել են ժամանակակից տեխնոլոգիաների՝ զբոսաշրջության ոլորտում կիրառման հնարավորությունները

Դավիթ Թադևոսյանը և Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարարը քննարկել են ժամանակակից տեխնոլոգիաների՝ զբոսաշրջության ոլորտում կիրառման հնարավորությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Չեռնոգորիայի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք ԲՏԱԱԲ նախարարի Ֆեյսբուքի էջից:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ժամանակակից տեխնոլոգիաների, թվայնացման և արհեստական բանականության՝ զբոսաշրջության ոլորտում կիրառման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների համապատասխան քաղաքականությունների և ռազմավարությունների զարգացման ուղղություններն ու փորձը։

Կարևորել եմ տեխնոլոգիական լուծումների դերը զբոսաշրջային ծառայությունների անհատականացման, այցելուների փորձառության բարելավման, զբոսաշրջային հոսքերի արդյունավետ կառավարման և ոլորտի ընդհանուր արդյունավետության բարձրացման գործում։ Անդրադարձել ենք նաև զբոսաշրջության թվայնացման գործընթացում առկա մարտահրավերներին։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ միջազգային տեխնոլոգիական միջոցառումների կազմակերպման Հայաստանի փորձը։ Մասնավորապես, անդրադարձել ենք «Seaside Startup Summit Armenia»-ի փորձին, որին այս տարի Չեռնոգորիան մասնակցել է բարձր մակարդակով։

Կարևորել ենք նման միջոցառումների նշանակությունը տեխնոլոգիական և զբոսաշրջային ոլորտների միջև համագործակցության խթանման, նորարարական գաղափարների փոխանակման և միջազգային կապերի ընդլայնման գործում։

Քննարկել ենք նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: