ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

ՖԻՖԱ-ի նախագահը հատուկ նամակ է ուղարկել ՀՖՖ-ին:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Տեքստի մեջ, մասնավորապես, գրված է.

«Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը:

Իր կարիերայի ընթացքում Անդրեասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 1972 թ. Օլիմպիական խաղերում: Ակումբային մակարդակում միշտ կհիշվեն նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973 թ. նա նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973 և 1975) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Անդրիասյանն ունեցել է նաև մարզչական երկար և հաջողակ կարիերա՝ մարզելով մի շարք ակումբներ, այդ թվում՝ Երևանի «Արարատը»:

Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան: Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները:

Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրեասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս:

Հուսով եմ, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում», - գրված է ՖԻՖԱ-ի նախագահի ուղարկած հատուկ նամակի մեջ։

 

  • Կիսվել: