կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իշխանությունը հարցը տեղափոխել է Արևմուտք–Ռուսաստան պայքարի դաշտ․ Ռուստամյան

Իշխանությունը հարցը տեղափոխել է Արևմուտք–Ռուսաստան պայքարի դաշտ․ Ռուստամյան

Ցանկացած կենսական զիջում մահաբեր է հայ ժողովրդի ապագայի համար, իսկ Արցախի կորուստն այդ կենսական զիջումներից մեկն է։ Այս մասին Ազատության հրապարակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Նկատի ունենալով թշնամու՝ Ադրբեջանի, Թուրքիայի այն նպատակը, որ իրենք մեզ ոչնչացնել են ուզում, փորձում են ստեղծված իրավիճակից առավելագույնը ստանալ՝ նվաճելով Հայաստանն Արցախի հետ։ Սա մենք պետք է թույլ չտանք։ Սա ոչ ընդդիմության–իշխանության հարց է, ոչ իշխանափոխության՝ այն իմաստով, որ որևէ ուժ ունենա իշխանություն, այլ այն է հարցը, որ մենք ունենանք միասնականութուն։ Այսօրվա իշխանությունները հակառակ գործընթացն են իրականացնում, սպասարկում են թշնամու շահերը, մեր ասածն այն է, որ առանց պետական լծակների այս ամենը թույլ չտալ հնարավոր չէ, դա ցանկացող ժողովորդը պետք է ունենա լծակներ»։

Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպումներին, Արմեն Ռուստամյանն ասաց․«Վերջին օրերին իշխանության բերած խնդիրն այն է, որ հարցը տեղափոխել են Արևմուտք–Ռուսաստան պայքարի դաշտ և մենք այդտեղ շատ լուրջ կորուստներ կարող ենք ունենալ, մենք չպետք է դառնանք մանրադրամ այդ գերտերությունների պայքարի դաշտում, ինչն այսօր իրականացնում են մեր իշխանությունները, գիտակցաբար, թե անգիտակցաբար, դա կարևոր չէ։ Այս իշխանությունը պոպուլիզմը, ինչով եկել է իշխանության, կիրառում է նաև դրսում։ Այնինչ, պետք է բոլոր տեղերում նույն բանն ասել, իսկ դա լինում է մի դեպքում, երբ դու առաջնորդվում ես քո կենսական շահով, բայց հայկական շահը ներկայացնող չկա»։

  • Կիսվել: