հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անվտանգային համակարգի այսպիսի փոփոխությամբ՝ Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան. Արմեն Ռուստամյան

Անվտանգային համակարգի այսպիսի փոփոխությամբ՝ Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան. Արմեն Ռուստամյան

Կառավարությունը կատարել է Ազգային ժողովի հաստատած ծրագրի հակառակը: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն ռուստամյանը:

Նա նշեց, որ խորհրդարանական երկրում սա կառավարության գործունեության հետ կապված ոչ լեգիտիմության խնդիր է առաջացնում, այլ հարուցում է նրա նկատմամբ սահմանադարական լիազորությունների  վերազանցման մեղադրանք։

 

Ռուստամյանի խոսքով, այն, ինչ կառավարությունը  փաստացի է կատարում ի հեճուկս  ծրագրով իր ստանձնած պարտավորության, վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է լինելու։

«Պատկերավոր ասած՝ Հայաստանը աշխարհաքաղաքական  գծի վրայից  դրվելու է աշխարհաքաղաքական պարկի մեջ և նրա գոյությունն այլևս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենա։ Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր ֆիզիկական գոյությունը թույլ տալու դիմաց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Կառավարությունը կամ հաստատում է խորհրդարանի հաստատած ծրագիրը, կամ դադարեցնում է իր լիազորությունները: Եթե գործող ծրագրի իրականացման համար ստեղծվում են անհաղթահարելի պայմաններ,  պա խորհրդարան է գալիս նոր կառավարության եւ հաստատման է բերում նոր ծրագիր: Սա է սահմանադրական կարգը»-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ ապացուցել, որ Հռոմի ստատուտին միանալը ամրապնդել է հայ-ռուսական դաշինքը, ինչպես գրված է կառավարության ծրագրում. «Մեր ռազմավարական գործընկերն այդ կարծիքին չէ: Արցախի մասով տեղի ունեցավ այն, ինչը ոչ միայն կառավարության ծրագրով, այլեւ մեր ամենասարսափելի երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել: Ի՞նչ է, ծրագրով նախատեսված էր, որ Արցախի ժողովրդին պետք է միայնակ թողնել ադրբեջանական հրոսակների դեմ, հայրենազրկել ու մի բան էլ արդարացնել Ադրբեջանի կտարված որոշ գործողություննե՞ր, թե բոլոր միջոցներով երաշխավորել արցախահայության անվտանգությունը»,-ասաց նա:

«Այս իշխանությունների համար ոչ այնքան կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչվի հենց իրենց իշխանության տարածքը, մի տարածք, որի վրա կարողանան պահպանել իրենց իշխանությունը:

Այս միակողմանի զիջումները ոչ թե սոսկ տարածքների հանձնման, այլ իրականում հայկական պետականության սողացող հանձնման մասին է:

Զավեշտալին այն է, որ այսքանից հետո փորձ է արվում Ադրբեջանի գործակալ լինելու մեջ մեղադրել բոլոր նրանց, որոնք փաստարկված ներկայացնում են այս իշխանությունների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին»,- ընդգծեց Ռուսատմյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը, վախեցնելով պատերազմով, նորանոր զիջումներ է կորզում, իսկ Հայաստանի կառավարությունն իր հերթին մեր  ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտությամբ՝ ստիպում է  ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը։

«Ակնհայտ է, որ այդպիսի խաղաղության երաշխավորը կարող է միայն թուրք-ադրբեջանական տանդեմը լինելը և պետք չէ  տպավորություն ստեղծել, թե այդ նոր  անվտանգային համակարգի ճարտարապետը Արևմուտքն է լինելու։ Արևմուտքը մեկ անգամ չէ, որ կարևորել է  ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխավոր դերակատարությունն ու  առաջնորդությունն այս տարածաշրջանում, հետևաբար Ռուսաստանից դժգոհելով՝  նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թվացյալ արևմտյանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու։

Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխության վերջնարդյունքում պարզապես Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան։ Եվ ուրեմն՝ հարցերի հարցը հետևյալն է՝ կառավարությունն իր ծրագրով չնախատեսված, փաստացի ապօրինի և ինքնագլուխ, ժողովրդի թիկնքում այսինչ իբրև թե անվտանգային նոր համակարգ է ձևավորում»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

  • Կիսվել: