երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աբսուրդ է. խոսում են բաց լինելուց, բայց իրականում այս իշխանությունները ժողովրդի թիկունքում ամեն ինչ անում են գաղտնի․ Ռուստամյան

Աբսուրդ է. խոսում են բաց լինելուց, բայց իրականում այս իշխանությունները ժողովրդի թիկունքում ամեն ինչ անում են գաղտնի․ Ռուստամյան

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:

Քվեարկությամբ որոշվեց, որ նիստը փակ է լինելու։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորներ, ովքեր չունեն գաղտնիության հասանելիություն, չեն կարողանալու մասնակցել նիստին։

«Նիստին չեն կարող մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Արմեն Ռուստամյանը, Լևոն Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Մհեր Սահակյան, Արմեն Գևորգյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արթուր Սարգսյանը»,-հայտարարեց Սիմոնյանը։ Նիստին ներկա պատգամավորներից վերցրեցին հեռախոսները։

Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը սկզբունքորեն չի դիմում՝ գաղտնիության թույլտվությունը ստանալու համար.

«Եվ քանի որ գաղտնի է, իսկ ես էլ գաղտնիության հասանելիություն չունեմ չպետք է մասնակցեմ նիստին։ Աբսուրդ է։ Բայց եթե այս քննարկումից հետո ինչ-որ քվեարկություն է լինելու, դրանից ինձ չեն կարող զրկել, որովհետև դա պատգամավորի իրավունքն է և այդ դեպքում դա դառնում է քմահաճույքով իրականացվող գործընթաց։ Այս ամենը փակ անելը մեզ համար բացարձակ անընդունելի է, քանի որ հասարակական հնչեղություն ունեցող հարց է։ Ինչո՞վ է բավարարվելու հասարակությունն այս փակ նիստից։ Մենք սրանով մեր խնդիրը չենք լուծում։ Նրանք բաց լինելուց են խոսում, բայց իրականում այս իշխանությունները ժողովրդի թիկունքում ամեն ինչ անում են գաղտնի»։

  • Կիսվել: