հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իշխանությունները կգան ու կգնան, պետականությունից բարձր սրբություն չունենք, այն պետք է փայփայել․ Մարուքյան

Իշխանությունները կգան ու կգնան, պետականությունից բարձր սրբություն չունենք, այն պետք է փայփայել․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կիսվել է հրապարակմամբ, որում նշել է․ «Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավարությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը (առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»

«Մեկ էլ հանկարծ մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և «փորձագիտական» շրջանակներ սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտ օրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն, անգամ մարդ կար պնդում էր, որ վարչապետի ծննդյան օրը Աղավնոյում կծածանվի Ադրբեջանի դրոշը։ Այս հայտարարությունները սկսեցին շրջանառվել և սրվել հայկական մամուլում, որի ճնշման ներքո հայկական կողմն սկսեց ներկայացնել իր բոլոր փաստարկներն առ այն, թե ինչու են սխալ ասում հարգելի «ընդդիմադիրներն» ու «փորձագետները։ Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում։ Լավ, տղե'րք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դու՞ր է գալիս, թե՞ մտածում եք, որ չեք բացահայտվելու, թե ինչպես եք օրնիբուն թշնամական թեզերը շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում, ինչ ա թե «իշխանության դեմ պայքարեք»։

Հիշեք` իշխանությունները կգան ու կգնան, Հայաստանի պետականությունից բարձր սրբություն չունենք, այն պետք է փայփայել` ամեն բան մի կողմ դրած»․ հավելել է նա։

  • Կիսվել: