Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավն ուղիղ հարված է հայոց պետականությանը. Գարեգին Բ
Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին. այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում. այս մասին իր ուղերձում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում:
«Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նա ընդգծել է, որ իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությանն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
«Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն՝ շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները», - շեշտել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին՝ Գարեգին Բ-ն նշել է.«Ատելությամբ և թշնամանքով բարիք չի՛ ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի՛ կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի՛ հաստատվի»: