երկուշաբթի, հունվար 24
24 / 1 / 2022
Իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց. հայհոյանքն ապաքրեականացնելու նախագծի քննարկումը հարթ չի անցնում

Իշխանությունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց. հայհոյանքն ապաքրեականացնելու նախագծի քննարկումը հարթ չի անցնում

Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները, հայհոյանքը ապաքրեականացնելու՝ ընդդիմության նախագծի համատեքստում, մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն,օրինակ, նշեց, որ կա իշխանական պատգամավոր, որը կին լրագրողի նկատմամբ տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք է դրսևորում, ներողություն չի խնդրում:
 

«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ, եթե այն ժամանակվա իշխող խմբակցության պատգամավորներից որևէ մեկը լրագրողի կամ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ որևէ ոչ վայելուչ գործողություն էր իրականացնում, գրեթե բոլոր հանրապետական պատգամավորները շատ արագ փորձում էին կանգնեցնել խնդիրը, որակում տալ այդ գործողությանը: «Բայց այս անգամ մենք ունենք մի քանի դեպքեր, երբ լրագրողների, ԱԺ աշխատակազմի անդամների նկատմամբ տեղի է ունեցել բռնություն, և դրա որակում ես ձեզնից չեմ հանդիպել. մենք ձեր կարծիքը դրա մասին չգիտենք»,-ասաց Մամիջանյանը՝ դիմելով իշխանությանը:

Նա նշեց, որ իշխանությունը խոսում է պառլամենտական մշակույթից՝ ասելով, որ մի քանի ամիս առաջ հենց նիստերի դահլիճում մի քանի անգամ ընդդիմադիրները բռնության են ենթարկվել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթը սկսելուց առաջ միացրեց մոտ 6 տարի առաջվա ռեպորտաժ, որում ասվում էր, որ այդ ժամանակ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել է կտրել բոլոր նրանց գլուխները, որոնք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ են անել, բացի այդ սեռական բնույթի  հայհոյանք է հասցրել:

«Մի քանի արձանագրում. նախ, որ նախկին իշխանությունների ժամանակ ևս եղել է այդ անընդունելի վարվելակերպը, երբ քաղաքական գործիչները, պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները թիրախավորվել են: Դա անընդունելի է եղել և անցյալում, և հիմա»,-ասաց Կոնջորյանը:

Նա նշեց՝ մյուս կողմից տեսնում ենք ԱԺ նախկին իշխող խմբակցության պատգամավորին, որ այդ անընդունելի արարքի համար խոստանում է գլխատել, նաև հասցնում սեռական բնույթի վիրավորանք: Դիմելով ընդդիմադիրներին, որոնցից ոմանք եղել են նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ ասաց. «Նախորդ իշխանության ներկայացուցիչներ, հիմա եկել եք, խոսում եք այն մասին, որ մենք Հայաստանում տարածում ենք բռնության մշակույթ, երբ ձեր իշխող խմբակցության պատգամավորն իր թիմակցի ընտանիքի անդամներին հայհոյելու համար սպառնում է գլխատել»:

Նա հիշեցրեց, որ նախկինում իշխող խմբակցության պատգամավորներից մեկը սպառնացել է լրագրողի ծնոտը ջարդել:

«Բոլորիս շահերից է բխում, որ Հայաստանում տիրի համերաշխության մթնոլորտը, բոլորիս շահերից է բխում, որ քաղաքական և հանրային դեմքերին ու նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորեն: Ես համաձայն եմ, որ դա անընդունելի է: Հայհոյանքն անընդունելի է, հայհոյանքի ազատությունը բացարձակապես ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ: Եվ, երբ դուք փորձում եք մեզ վերագրել բաներ, որոնք հանդիսանում են ձեր տիտանական ժառանգությունը ՀՀ-ում, խնդրում եմ հիշեք, որ այսպիսի փաստագրական տասնյակ և հարյուրավոր տվյալներ կարող են այստեղից հրապարակվել»,-ասաց Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:

  • Կիսվել: