Իշխան Սաղաթելյանը ՔԿ է կանչվել Բագրատ Սրբազանի գործի շրջանակում
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում: Այս մասին Սաղաթելյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
Նա, մասնավորապես, ասել է. «Այսօր ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ Պետության սահմանադրական կարգի հիմունքների, պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, հարցաքննության։ Ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ «Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործի» շրջանակներում։ Այդ գործից կա անջատված մաս և տեղի է ունենում այսպես կոչված՝ լայնածավալ քննություն»։
Սաղաթելյանը նշել է, որ հրաժարվել է որևէ ցուցմունք կամ բացատրություն տալ:
«Հայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրավական որևէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ են, և ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց։ Երբ որ այս գործի շրջանակներում գլխավոր դատախազը գտնվում էր Ազգային ժողովում իմ գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու հարցով ՔՊ-ական պատգամավորները ինչպիսի մեծ ջանքերով և կրքով պահանջում էին՝ բա ինչի՞ մյուս երկու պատգամավորներին՝ Գառնիկ Դանիելյանին և Իշխան Սահաթելյանին անձեռնամխելիությունից չեք զրկում։
Նշեմ, որ մենք անհանգստության որևէ պատճառ չունենք՝ պարզ պատճառաբանությամբ, սա իրավական որևէ պրոցեսի հետ կապ չունի, քաղաքական պատվեր է և փորձելու են այս շրջանակներում ինչ-որ նոր գործ կարելու կամ նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու։ Այս իշխանությունների կողմից հետապնդվելը դա պատիվ է, նաև պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ, քանի որ նրանք անազատության մեջ են այս չարիքի իշխանության դեմ պայքարելու արդյունքում, այլ ոչ թե հանցագործ են։
Ամոթը և խարանը այս իշխանությունների հետ համագործակցելը և նրանց ձեռքին գործիք դառնալն է։ Իսկ նման քայլերով ինձ, իմ ընկերներին որևէ կերպ չեն կարող շեղել մեր բռնած ուղուց, մեր ճանապարհից և ամեն մի նման քայլ և գործողոթյուն, ոչ թե մեզ կաշկանդում է, այլ ընդհակառակը, նախ համոզվում ենք, որ ճիշտ ընթացքի մեջ ենք և գտնվում ենք ճիշտ ճանապարհին և ավելի վճռական, ավելի կազմակերպված շարժվում ենք դեպի առաջ՝ մեր նպատակին հասնելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու ուղղությամբ։ Հետևաբար ամեն ինչ նորմալ է, սիրելի ընկերներ, հայրենակիցներ և հետաքրքրվողներ, պինդ մնացեք»,-նշել է նա:



