երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրենք ինձ ի՞նչ ընկեր, պետությունը լավ պահելու փոխարեն թալանել, տարել են․ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «նախկիններին» մեղադրում է թալանի մեջ․ «Հրապարակ»

Իրենք ինձ ի՞նչ ընկեր, պետությունը լավ պահելու փոխարեն թալանել, տարել են․ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «նախկիններին» մեղադրում է թալանի մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը հայտնվել է իրավապահների թիրախում: Նրա հետ կապ հաստատել չի հաջողվել,  զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը նախկինում ՀՀԿական պատգամավոր էր՝ նույն թիմում,  ինչ Համբարձումյանը, սակայն հեղափոխությունից հետո «ճիշտ» կողմնորոշվեց եւ անցավ գործող իշխանությունների կողմը՝ պահպանելով իր բիզնեսները եւ զերծ մնալով  հետապնդումներից:

- Դուք, հավանաբար, տեղյակ եք, որ Ձեր նախկին թիմակցի՝ Արկադի Համբարձումյանի նկատմամբ օրերս  քրեական գործ է հարուցվել, ի՞նչ եք  կարծում՝ ինչո՞ւ են նախկին պատգամավորին հիմա թիրախավորել՝ երեք տարի անց:

- Էդ ո՞վ ա:

- Դերժավայի Արկադին չգիտե՞ք՝ Սպիտակից։

- Չէ, չեմ ճանաչում… դեմքով պիտի տենամ, միգուցե հիշեմ:

- Հեղափոխությունից հետո Ձեր բոլոր նախկին ընկերների՞ն եք մոռացել:

- Իրանք ինձ ի՞նչ ընկեր:

- Թող լինի՝ գործընկեր:

- Գործընկեր էլ չեն:

- Մի թիմում չէի՞ք, նույն ժամանակ պատգամավոր եք եղել:

- Հա, նույն ֆրակցիայից ենք երեւի եղել, բայց ես հո բոլորին չե՞մ ճանաչում, Ձեզ թվում է՝ բոլորին հիշո՞ւմ եմ: Նարկոզից հետո հիշողությունս ավելի է վատացել:

- Դուք նախկինների գործարար թեւից էիք, ինքներդ մտահոգություն չունե՞ք, որ իշխանությունը կարող է  Ձեզ էլ անդրադառնալ, փորձել վերադարձնել նախկին թալանը, թե՞ Դուք իրենց գովում եք, Ձեր երբեմնի ընկերներին քննադատում, դրա համար էլ Ձեզ չեն նեղում:

- Ես մտահոգություններ չունեմ, որովհետեւ ես իմ հարկերս միշտ մուծել եմ: Երեւի հիմա են բացահայտել, ու դրա համար էլ հիմա է գործ հարուցվել: Ըտենց բան չկա, որ իրանք չէին ուզում անել, նոր են սկսել անել: Ես ոչ մեկին  ո՛չ գովում եմ, ո՛չ էլ, քննադատելը՝ հա, քննադատում եմ: Հիմի մարդիկ սխալվել են, չասե՞ս երեսներին, որ սխալվել են: Պետությունը լավ պահելու փոխարեն թալանել տարել են, հարկերն էլ չեն մուծել, ի՞նչ է՝ չզբաղվե՞ն իրենցով:

- Դուք էլ էիք այդ թալանչիների թիմի մաս կազմում:

- Ես չեմ թալանել, ես ասում եմ՝ բարեխղճորեն մուծել եմ բոլոր հարկերս  ու քանի անգամ էլ ասել եմ՝ մի թալանեք:

- Ո՞ւմ եք ասել:

- 2010 թվականից որ ես պայքարում էի, դուք ո՞ւր էիք, ես 10 թվից իրենց երեսներին ասում էի:

- Ասում էիք, բայց նաեւ շարունակում էիք այդ «թալանչիների» հետ մնալ, ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր էիք:

- Շարունակում էի, չէի շարունակում… բա ի՞ նչ պիտի անեի, այդ ֆրակցիայի պատգամավոր էի: Բայց վերջին չորս տարին ես չկայի պառլամենտում, ոչ էլ ինչ-որ բանի օգուտ եմ տվել իրենց՝ քվեարկել։ Գաղափարական առումով էի խզել կապերս:

- Նախկին կարկառուններից մեկը՝ Գալուստ Գրիգորիչը, ձեր կնոջ եղբայրն է, իրենք է՞լ են թալանչի:

- Հետո՞ ինչ, ինչ կերել են՝ թող գնան մարսեն:

- Կարծում եք, որ այս իշխանությունը չի՞ ուտում՝ բազմաթիվ հրապարակումներ կան կոռուպցիոն գործարքների, պարգեւավճարների  եւ արագ հարստացման մասին:

- Ես տեղյակ չեմ, ես, օրինակ, էն Հայկից եմ տեղյակ՝ նախկին քաղաքապետ, մի հատ հողակտոր ունեինք, թույլտվություն էինք ուզում, որ շինություն կառուցեինք, չէր տալիս:

- Ինչո՞ւ չէր տալիս, փո՞ղ էր ուզում:

- Չէ, ինքն ո՞վ է, որ ինձնից փող ուզի: Պտի ընգնեինք դատարանները, բայց չգիտե՞ք՝ դատարանները ճահիճ  են, ընկնում ես մեջը, դուրս չես գալիս:

- Փաստորեն, Դուք համարում եք, որ հիմա կոռուպցիա չկա:

- Եթե կա, թող Նիկոլը պատասխանատվության կանչի:

- Ինքն է իշխանության գլուխը՝ բյուջեից տուն են վերանորոգում, շքեղ մեքենաներ են գնում,պարգեւավճարներ են բաժանում:

- Եթե մի իշխանություն չի թալանում, պիտի սոված չմեռնի, պարգեւավճարն ի՞նչ գումար է որ:

- Իսկ նախկին թալանչիներից ո՞ւմ անունը կարող եք տալ, ո՞ւմ գիտեք, որ թալանել է:

- Առաջինից սկսած մինչեւ վերջինը:

- Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք:

- Բա էլ ո՞ւմ:

- Բայց Սերժ Սարգսյանի նկատմամբ մի գործ կա միայն հարուցված՝ դիզվառելիքի գործ։

- Դե էդ է, դատարաններ են գնում՝ դուրս գալիս, ո՞վ է մեղավոր: Հա, ամոթ ա, երկրի առաջին դեմքին դիզվառելիք գողանալու համար են դատում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: