Իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորդն այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել․ Ռուբինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
Երբեմն ինձ թվում է, թե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդում են ընդամենը երեք հոգի, որոնցից մեկը ես եմ։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ մեկնաբանելով նախկին նախագահի վերջերս արված հայտարարությունը, որով նա աջակցություն էր հայտնել «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին:
«Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը։ Ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտին թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ։ Սա տխուր մասն էր, իսկ բավականին զվարճալի մասն այն էր, որ, փաստորեն, իրենց վարչապետի թեկնածուն (Լևոն Զուրաբյան - խմբ․) այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորնդ այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել։», - հավելել է Ռուբինյանը։


