հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրավապահ մարմինները ամեն ինչ անում են ոչ թե հանձնարարությունը կատարելու համար, այլ ցույց տալու, որ կատարում են․ Արսեն Բաբայան

Իրավապահ մարմինները ամեն ինչ անում են ոչ թե հանձնարարությունը կատարելու համար, այլ ցույց տալու, որ կատարում են․ Արսեն Բաբայան

Այսօր տեղեկացանք, որ գործարար Ռուբիկ Ղազարյանը վրդովված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունից, որի համաձայն իրեն պատկանող տարածքը վերագրել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Գործարարին մասնավորապես զարմացրել էր այն հանգամանքը, որ 2009 թվականից իրեն պատկանող տարածքի մասին հայտարարություններ անելուց առաջ որևէ մեկն իր հետ չի կապվել:

Այս մասին և Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին InfoPorty խոսեց իրավապաշտպան, Ազգային Հակակոռուպցիոն Խորհրդի անդամ Արսեն Բաբայանի հետ, ով ստեղծված իրավիճակը բնութագրեց դեռ կոմունիստների ժամանակվանից հայտնի մի պատմությամբ։

«Ռուբիկ Ղազարյանի հետ կապված (Հրայր Թովմասյանին պատկանող տարածքի իրական սեփականատիրոջ) հիշեցի դեռևս կոմունիստների ժամանակվանից հայտնի մի պատմություն։ Շրջկոմի բյուրոյում տնտեսական ղեկավարներից մեկի հարցը քննարկելու ժամանակ բյուրոն գալիս է այն հետևության, որ այդ ղեկավարը ձախողել է աշխատանքները։ Շրջկոմի առաջին քարտուղարն առաջարկում է հեռացնել կուսակցության շարքերից, սակայն բյուրոյի անդամներից մեկը զեկուցում է, որ այդ անձնավորությունը կոմկուսի անդամ չէ։

Ի՞նչ եք կարծում ի՞նչ որոշում է կայացնում առաջին քարտուղարը` շտապ ընդունել կուսակցության շարքերը, այնուհետև հեռացնել։ Ակնհայտ է, որ այն ժամանակ ամեն ինչ ցուցանիշի համար էր արվում, որպեսզի վերադասին ցույց տրվեր, թե աշխատանք է կատարվում։ Ճիշտ նույն ձևով են աշխատում ներկայիս իրավապահ մարմինները։

Հանձնարարություն են ստացել ՍԴ նախագահի վերաբերյալ և ամեն ինչ անում են, որ ցույց տան, թե հանձնարարությունը կատարում են։ Այո, ոչ թե ամեն ինչ անում են, որ հանձնարարությունը կատարեն, այլ որպեսզի ցույց տան, որ հանձնարարությունը կատարում են։ Իսկ իրականում օրինական կարգով կատարել չեն կարող ոչ միայն այն պատճառով, որ հանցագործության դեպքը բացակայում է, այլև այն պատճառով, որ իրավապահ մարմիններում (գուցեև ամբողջ պետական ապարատում) պրոֆեսիոնալ կադրեր չունեն։

Կոմունիստների նման կադրերին ստորին օղակներից աստիճանաբար աճեցնելու փոխարեն իրենց կողմնակիցներին խաչմերուկից (որտեղ հայտնվել էին ճանապարհները փակելու համար) վերցնում, դնում են պաշտոնյայի աթոռին։ Դրա համար էլ իրավապահ ոլորտում այդքան ձախողումներ ունեն, որը նախորդ իշխանության օրոք չկար, թեև, ինչպես պնդում են ներկայիս իշխանականները, այն ժամանակ պատվերներն ավելի շատ էին»,- նշեց Բաբայանը:

  • Կիսվել: