Ռուսաստանի հետ լուծման վերաբերյալ կա փոխըմբռնում` Մոսկվայում բանակցությունները բովանդակալից են եղել. Թորոսյան
Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը:
«Բանակցությունները շարունակվում են: Բայց այդ ամենը պետք է տեղի ունենա մեր ռազմավարական գործընկերների հետ համագործակցության և մեր Զինված ուժերի համատեղ աշխատանքի արդյունքում»,- իր ճեպազրույցում ասաց Թորոսյանը
Ըստ նրա՝ Ռուսաստանի հետ լուծման վերաբերյալ կա փոխըմբռնում ու նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանին։
«Ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի ինտենսիվության վրա»,-վստահեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ վեճերին, խոսակցություններին, երկրների միջև այդ աշխատանքները տարիներով են տևում, ինչպես Հայաստանի ու Վրաստանի պարագայում․
«Հետևաբար սպասել արագ ինչ-որ իրավական լուծումների երկրների միջև, սահմանների հետ կապված, պետք չէ, անգամ անիմաստ է»։
Սահմանների ճշգրտումն էլ, նրա խոսքով, կապված չէ ադրբեջանական զորքերի արագ հետքաշման պահանջի հետ։
Ի՞նչ արձագանքներ կան Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմաններին միջազգային խաղաղապահներ տեղակայելու հայտարարությանը, Թորոսյանը պատասխանեց․
«Ռուսաստանի Դաշնության կողմից գործողություններ արվում էին մինչ այդ առաջարկը և շարունակվում են։ Մեր հիմնական գործընկեր լինելով՝ ՌԴ-ն շարունակում է իր այդ առաքելությունն իրականացնել ավելի ինտենսիվ կերպով»։
Զանգեզուրի միջանցքի և դրա շուրջ հավանական բանակցությունների վերաբերյալ խոսելիս Թորոսյանն արձանագրեց, որ կարիք չկա 101-րդ անգամ տալ նույն հարցերը.
«Նորից եմ կրկնում, Զանգեզուրի կամ որևէ այլ միջանցքի մասին երբևէ որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել, չեն անելու, դա որևէ փաստաթղթում նշված չէ և չի նշվելու»։
ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյանը, լրագրողի խոսքով, հայտարարություն էր արել, որ պատերազմի օրերին Ստեփանակերտում ջրի հետ կապված խնդիր էր առաջացել, դիմել էին ԱՆ-ին՝ Արցախ համապատասխան մասնագետներ ուղարկելու համար, սակայն Արսեն Թորոսյանը թույլ չի տվել, վերջինս պատասխանեց, որ Համբարձումյանը խեղաթյուրում է իրականությունը․ «Եթե կուզեք ասել՝ ստում է, որովհետև այդ հարցին եղել է պատասխան, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, ընդունել Երևանում և հետազոտել ու դա արվել է։ Պարզապես պետք էր այդ նմուշները սովորական նմուշների համար նախատեսված անոթներով տեղափոխել Երևան»։