«Իրավաբանների խմբով կստանձնենք այդ ծանր պարտականությունը». Ձևավորվում է «Ոչ»-ի շտաբ
«Իրավական ուղի» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը և մի խումբ իրավաբաններ նախաձեռնում են «Ոչ»-ի շտաբի ձևավորումը և պատրաստվում են վաղը դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ոչ»-ի նախաձեռնությունը գրանցելու համար, InfoPort.am-ին տեղեկացրեց Մելիքյանը:
«Ոչ»-ի նախաձեռնությանը միացած իրավաբանները պնդում են, նախաձեռնված Սահմանադրության փոփոխությունները, որ նախաձեռնել է խորհրդարանական մեծամասնությունը, հակասահմանադրական են: «Այս հակասահմանադրական գործընթացը առանց այն էլ մեծ հարված է մեր պետականությանը և նպատակ ունենալով մեղմել այդ հարվածը և հնարավորություն չտալ, որ առաջանան այլ խնդիրներ, կարծում ենո, որ «Ոչ»-ի քարոզչական կողմ պետք է ձևավորվի: Քաղաքական ուժերը նման ցանկություն չհայտնեցին, կարծում եմ, որ Իրավաբանների խմբով կստանձնենք այդ ծանր պարտականությունը», -մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Դիտարկմանը, թե «Ոչ»-ի քարոզչությունը ենթադրում է նաև քարոզարշավ, հանդիպում բնակիչների հետ և հարցին, ունե՞ն ռեսուրսներ քարոզարշավի համար, Մելիքյանը արձագանքեց.
«Մենք առաջին հերթին հարթակ ենք տրամադրելու այն խմբերին և ուժերին, որոնք ասելիք ունեն մեր հանրությանը՝ «Այո»-ն բացառող տարբերակների տիրույթում: Մենք նաև հնարավորություն ենք տալու այն քաղաքացիներին, որոնք կցանկանան ունենալ վերահսկողական ռեսուսներ, այսինքն՝ դառնալ հանձնաժողովի անդամներ, վստահված անձ: Մեր նախաձեռնությունը առաջին հերթին հնարավորություն տալու մասին է և ոչ թե քարոզարշավ իրականացնելու մասին»:
Այդուհանդերձ, ըստ Մելքիյանի, չի բացառվում, որ իերնց նախաձեռնության անդամները իրենք հանրությանը ներկայացնեն գործընթացի մասին մոտեցումները իրավական տիրույթում:
Մեր հարցին, թե այսինքն՝ չի բացառվում, որ շրջեք մարզերով, գյուղերով և մարդկանց բացատրեք «հակասահմանադրական գործընթացի հետևանքների մասին», Մելիքյանը պատասխանեց.
«Ես իմ մասով կարող եմ ասել, որ այս պահին նման ծրագրեր չունեմ»:
Նկատենք, որ զուգահեռ ձևավորվել է «Այո»-ի շտաբը, որի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն է: Սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին։