ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը պատրաստ էր իր զինվորով երաշխավորեր ՀՀ տարածքային ամբողջականությունը. Նարեկ Կարապետյան

Իրանը պատրաստ էր իր զինվորով երաշխավորեր ՀՀ տարածքային ամբողջականությունը. Նարեկ Կարապետյան

Հայաստանի պատմության մեջ ամենաշատ պատերազմը ո՞ր իշխանությունն է բերել. Երեք պատերազմ բերել այս իշխանությունը։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Նա սարքել է պրոբլեմը, հիմա ուզում է ցույց տա, որ լուծում է, այն պրոբլեմը, որ ինքն է սարքել, ու ասում է՝ ես եմ խաղաղություն բերում։ Ամեն օր դուրս է գալիս, ասում է՝ եթե սա չանենք, կլինի պատերազմ, եթե սա չանենք, կլինի պատերազմ, ամեն օր մեզ վախեցնում է, ութ տարի անընդմեջ աշխատում է մեր ինքնավստահության դեմ և եթե իրեն հաջողվեց ջարդել հայերի ինքնավստահությունը, հետագայում ամեն օր դուրս է գալու, ասելու է, եթե սա չանենք, պատերազմ է լինելու։

Սա այն պատերազմների արդյունքն է, որը ինքն է բերել՝ իր բանակցություններից դուրս գալով։ Այո, ագրեսորը Ադրբեջանն է, բոլորս էլ գիտենք, բայց նա քարտեր է տվել, որպեսզի միջնորդների ֆակտորը դուրս գա, միջնորդները չաջակցեն մեզ։

Պատերազմի ռիսկը մի քանի տարր ունի, առաջինը դիվանագիտական տարրն է։ Մի երաշխավորով, մի վկայով խաղաղությունը ուղղակի թուղթ է։ մենք չունենք այս պահին երաշխավոր, ունենք վկա, որն այս պահին պատերազմում է Իրանի դեմ։

Հայաստանը երկու երաշխիք ունի. առաջինը մեկից ավելի երաշխավոր ունենալն է, որպեսզի այլ երկրների հակամարտության խաղաթուղթ չդառնա»,–ասաց նա։

Հարցին՝ ովքե՞ր կարող են լինել այդ երաշխավորները, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «մենք գիտենք, որ մինչև այս իրադրությունը Իրանը պատրաստ էր հողի վրա իր զինվորով երաշխավորեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք տեսնում ենք այլ տարածաշրջանային դաշնակիցներ, որոնք պատրաստ էին աջակցել, մեզ պետք է դա։ Երկրորդը, մեզ պետք է վերականգնել բանակը, վերափոխել բանակը, 21-րդ դարի բանակ է մեզ պետք։ Այս տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում բանակի արդիականացումը էժանացել է, ավելի մատչելի է բանակ պահելը, քան, օրինակ, հինգ տարի առաջ։ Մենք ներկայացնելու ենք հանրությանը հայկական բանակի ուժը վերականգնելու մեր ծրագիրը մոտակա օրերին»։

  • Կիսվել: