շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղության հաստատմանը. Քազեմ Շաֆեի

Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղության հաստատմանը. Քազեմ Շաֆեի

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենն ասել է.«Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղություն և անդորր հաստատելու միջազգային ջանքերին», գրում է parstoday.com-ը:

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Քազեմ Շաֆեին շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև լավ և աճող հարաբերություններին, հավելեց.«Երկու երկրների միջև կան բազմաթիվ պատմամշակութային ընդհանրություններ և հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն ի նպաստ երկու ժողովուրդների»:

Շաֆեին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումները բարեկամական են հարեւանների նկատմամբ, և որ հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է բոլոր ոլորտներում։

Նա ասել է. «Երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների պահպանումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության անխախտ սկզբունքն է, որը տարբեր մակարդակներում ընդգծել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները»։

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենը ողջունել է Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակության այցն Իրան և քաղաքական փոխանակումները կարևոր գործոն է համարել Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործում։

Նա ասել է.«Երկու երկրների խորհրդարանների միջեւ խորհրդակցությունն ու շարունակական շփումները կարեւոր գործոն են հարաբերությունների մակարդակի բարելավման համար»։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների դրական պատմությանը՝ Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն ասել է.«Հայաստանի կառավարության համար կարևոր են Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում հզոր երկրի, և երկու երկրները կարող են լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարբեր ոլորտներում, հատկապես խորհրդարանական մակարդակում»։

Դեսպան Ավագյանը բարձր է գնահատել հատկապես Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի դիրքորոշումը:

 

  • Կիսվել: