երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը. Բազրփաշ

Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը. Բազրփաշ

Տեղի է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են երկկողմ համատեղ նախագծերի իրագործմանը, գրում է IRNA գործակալությունը:

Մուստաֆաևը Բազրփաշին է ներկայացրել Աղբանդի կամրջի, սահմանային անցակետի, Խուդաֆարինի ամբարտակի նախագծերի շուրջ առաջընթացը: Այդ առնչությամբ Բազրփաշն ընդգծել է, որ նախարարությունում որոշվել է ձևավորել պատվիրակություն, որը հենց տեղում կծանոթանա նախագծերի իրագործման ընթացքին, կփորձի վերացնել խոչընդոտները:

Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախարարը, աջակցություն հայտնելով Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար երկրների միջամտություններին: «Վստահ ենք՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հարևան երկրների միջոցով, իսկ օտարների ռազմական ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի համար: Իրանը կօգտագործի իր հարևանության քաղաքականությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը վերացնելու համար»,- նշել է Բազրփաշը:

Նա խոսել է նաև Ադրբեջան իրանցի ուսանողների մուտքը դյուրացնելու անհրաժեշտության մասին: Մուստաֆաևն իր հերթին ընդգծել է, որ երկկողմ հանդիպումներից հետո հարաբերությունները զարգացում են ապրել: Նա հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ երկու երկրների միջև առկա թյուրըմբռնումները կվերացվեն: Մուստաֆաևն Իրանի նախարարին հրավիրել է այցելել Ադրբեջան:

  • Կիսվել: