երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի քողի տակ, ցանկանում է արևելք-արևմուտք փոխադրումներ իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. այս մասին, khabaronline.ir կայքի փոխանցմամբ, ասել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Նա ընդգծել է, որ ի տարբերություն Արևմուտքի, որը չունի բարի նպատակներ, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսկապես ցանկանում է իր ադրբեջանցի եղբայրների բարօրությունը։

Վելայաթին նաև հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեկնարկած քառօրյա զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ:

«Տա Աստված, որ սա շրջադարձային լինի տարածաշրջանի պատմության մեջ և խաղաղության ու անվտանգության հաստատում այս զգայուն տարածաշրջանում: Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը կարևոր իրադարձություն է, որը Հարավային Կովկասի հարցում Գերագույն առաջնորդի խոհեմ քաղաքականության արդյունքն է և ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների և բարիդրացիության աճող ամրապնդումը»,- ասել է խորհրդականը:

Նա հավելել է, որ «վերջին տարիներին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի քողի տակ փորձում է ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան և գործնականում այլընտրանք ստեղծել, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա»։

Ըստ Վելայաթիի՝ «Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ և իր որոշ դաշնակիցների օգնությամբ ձեռնարկել է գործողություններ, որոնք բացահայտել են, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ազնիվ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հետ կապված»։

  • Կիսվել: