երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. ԻԻՀ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. ԻԻՀ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

Հայաստան-Իրան բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությունը՝ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, հանդիպել է Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Իբրահիմ Ազիզիի հետ:

Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ազիզին, մատնանշելով երկու երկրների և ժողովուրդների միջև խոր կապերը, նշել է, որ այդ կապերը հարաբերությունների հետագա խորացման հիմք են ստեղծում։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին, Ազիզին ասել է, որ տարածաշրջանում ռազմական բախումները  անհանգստացնում են նաև Իրանին։

«Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում: Ուժի կիրառումը վեճերի լուծման միջոց չէ, տարածաշրջանը երկխոսության կարիք ունի: Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները և այդ խնդիրների լուծման պատրվակով տարածաշրջանը չպետք է բացվի օտարերկրյա տերությունների առաջ։ Մեջլիսի՝ արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեն հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների փոփոխությանը և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Ազիզին

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ երկկողմ բարեկամական ու ջերմ գործընկերությունը շարունակվելու է:

  • Կիսվել: