երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանում տեղի ունեցող ցույցերը հրահրվում են արտաքին ուժերի ազդեցության տակ գործող անջատողական խմբերի կողմից. ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիր

Իրանում տեղի ունեցող ցույցերը հրահրվում են արտաքին ուժերի ազդեցության տակ գործող անջատողական խմբերի կողմից. ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիր

Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ենթադրվում է, որ նրան ծեծի են ենթարկել ոստիկանական բաժանմունքում՝ «սխալ» հիջաբ կրելու համար: Ամինիի հուղարկավորությունը տեղի է ունեցել Քուրդիստան նահանգում։ Դրանից հետո տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և հանրահավաքներ սկսել՝ պահանջելով մանրամասն հետաքննություն։ Ամբոխը եկել է նահանգապետի գրասենյակ, որտեղ նրանց ցրել են արցունքաբեր գազով:

Ի՞նչ իրավիճակ է այս պահին Իրանում, ի՞նչ հնարավոր զարգացումներով են հղի զանգվածային ակցիաները Infoport.am-ին հաջողվել պարզել տեղից` ԻԻՀ Հանրային ռադիոյի խմբագիր, քաղաքական վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանից.

-Իրականության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ դրսի ուժերը փորձում են տարաձայնություններ, զանգվածային միջոցառումներ իրականացնել փոքրամասնությունների, կամ այսպես կոչված տարբեր ազգայնականների միջեւ: Ակնհայտ է, որ այս ամենի հետևում օտարերկրյա մի շարք ուժերի` ԱՄՆ-ի եւ Իսրայելի հովանավորած անջատողական շարժումներն ու խմբերն են: Բոլորին հայտնի է, որ Իրանում կան բազմաթիվ կրոնական հավատքներ դավանող մարդիկ, ովքեր միշտ էլ համերաշխ ապրել են տեղի ժողովրդի հետ: Բայց, ինչ խոսք, պարբերաբար արտաքին ուժերը, փորձում են ճեղքեր մտցնել Իրանի ղեկավարության եւ ժողովուրդների միջեւ, այդ կերպ փորձելով թուլացնել երկրի դիրքերը: Ակնհայտ է, որ արտաքին խաղաղացողները գիտակցում են Իրանի հզորությունը եւ այս ֆոնին ջանք ու եռանդ չեն խնայում ներքին պառակտում մտցնելու համար: Սակայն, Իրանը դիվանագետ երկիր է եւ զգոն է ցանկացած արտաքին խարդավանքների նկատմամբ:

-Պարոն Զոհրաբյան, հիմնականում ի՞նչ պահանջներ են ներկայացնում ցուցարարները:

-Այն ինչին հիմա մենք ականատես ենք լինում դժվար է ասել, թե կոնկրետ պահանջի համար է: Այստեղ փորձում են պարզապես իրենց խաղաղացողներին մտցնել օրտարերկրյա ուժերը, ինչը Իրանի համար նորություն չէ: Վստահաբար կարող եմ ասել որեւէ փոքրամասնության ներկայացուցչի ցանկությամբ չէ այն, ինչ կատարվում է այսօր Իրանում: Կրկնում եմ այս պահին Իրանի ներքաղաքական կյանք են փորձում ներխուժել Իրանի թշնամիները, քաջ գիտակցելով նրա զինվորական, պաշտպանական կարողությունները, այսինքն հասկանում են, որ ուժի լեզվով չեն կարող Իրանի հետ խոսել, անցել են նման միջոցների: Սա այն խաղն է, որ երկար տարիներ փորձում են իրականություն դարձնել ԱՄՆ-ը եւ Իսրայելը:

-Պարոն Զոհրաբյան, Իրանը պարբերաբար հանդես է գալիս տարածաշրջանային սահմանների փոփոխության իր համար անթույլատրելիության մասին հայտարարություններով, սակայն ինչպես տեսնում ենք Իրանի համար էլ հեշտ ժամանակներ չեն, ներքին ընդվզումներ են սկսվել, այս ֆոնին Իրանը ինչպես պետք է պաշտպանի տարածաշրջանային սահմանների անձեռնմխելիության իր թեզը, եթե գործը հասնի դրան, ինչը մոտ ապագայում չի էլ բացառվում:

- Իրանը նախեւառաջ ամեն բան անում է, որպեսզի այս հարցը չհասնի ռազմական ճանապարհով լուծման: Եթե հիշեք ԻԻՀ ԱԳՆ նախարարի խոսնակի վերջին հայտարարությունը, ապա այնտեղ հստակ ասված էր, որ Ադրբեջանի եւ ՀՀ-ի սահմանները չպետք է փոփոխության ենթարկվեն: Սա արդեն մեկ այլ քայլ էր Իրանի արտաքին քաղաքականության դրսեւորման մեջ: Չմոռանանք, որ այդ երկու երկրները ուղղակիորեն սահման ունեն Իրանի հետ: Այսինքն ցանկացած փոփոխություն այդ երկրների սահմանների միջև փոփոխելու է նաեւ Իրանի արտաքին ռազմավարությունը: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Իրանը փորձում է դիվանգիտական ճակատում ճնշում բանեցնելով, անել ամեն ինչ, որ այդ սահմանները փոփոխության չենթարկվեն: Չմոռանանք, որ այդ երկու երկրների որոշումից չէ, որ կախված է սահմանային փոփոխությունները` այստեղ կան նաև Թուրքիան եւ ՌԴ-ն, որոնք լուրջ դերակատարություն ունեն այս դեպքերի վրա: Իրանը բավականաչափ լուրջ է վերաբերում Թուրքիայի բացահայտ հովանավորչությանը Ադրբեջանին: Ամփոփելով խոսքս` խոստովանեմ, որ դժվար է այս պահին ասել, թե Իրանը, որ պարագայում գործի կդնի ռազմական ներուժը, բայց այն, որ Իրանը որեւէ պարագայում չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, դա քննարկման ենթակա չէ:

  • Կիսվել: