շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանն ընդգծել է երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը

Իրանն ընդգծել է երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն անհանգստություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հատվածներում նոր ռազմական բախումների բռնկման առթիվ, երկու երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և չսրել իրավիճակը:

Նա ընդգծել է երկրների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կողմերին կոչ արել հակամարտությունը կարգավորել երկխոսությամբ ու խաղաղ միջոցներով:

Խաթիբզադեն ներկայիս լարված իրավիճակը նկարագրել է իբրև տարածաշրջանային խաղաղության ու զարգացման աստիճանական գործընթացի համար վտանգավոր դրություն՝ ասելով. ՛՛Իրանի Իսլամական Հանրապետությունը, նախկինի պես, պատրաստ է կողմերին աջակցել հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հարցում՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմն այս պահի դրությամբ ունի 15 զոհ, 12 գերի, վիրավորներ, կորցրած դիրքեր:

  • Կիսվել: