երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաշերտ է. Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաշերտ է. Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք․  «Հայաստանի և Իրանի միջև հատկապես վերջին տարիներին ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն: Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաշերտ է ու բազմոլորտ․ մասնավորապես՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ունենք զարգացման հսկա ներուժ, որը լիահույս եմ՝ կկարողանանք համատեղ էլ ավելի զարգացնել՝ ելնելով մեր երկրների լավագույն շահերից»,-նշել է նախարարը։

Դեսպանը ևս պատրաստակամություն է հայտնել համատեղել ջանքերը՝ ոլորտային զարգացման հեռանկարով․  «Մինչ Հայաստան այցելելը հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության գործընկերների հետ և լիարժեք պատրաստ եմ կյանքի կոչել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք քննարկել եք»,-ընդգծել է դեսպանը։

Այս համատեքստում կողմերը քննարկել են 2023թ. փետրվարի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանց ընթացքը։  Նախարարը ներկայացրել է նաև Ժնև կատարած այցի ընթացքում  իրանցի գործընկերոջ հետ ունեցած հանդիպման արդյունքներն ու նախանշված անելիքները։

Անդրադարձ է կատարվել նաև մշակվող փոխըմբռնման հուշագրերի գործողություններին և միջոցառումներին, անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծմանը, փորձի փոխանակմանը, վերապատրաստումների իրականացմանը, քաղաքացիների զբաղվածության ապահովմանը, համագործակցության զարգացման հեռանկարներին և հնարավորություններին։

  • Կիսվել: