Ինտրիգամանիա հայաստանյան լրատվամիջոցներում. Վահրամ Աթանեսյան
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն օգոստոսի 26-ին գրել էր Արցախում «ռուսատյացության» մասին՝ վկայակոչելով Հանրային ռադիոյի ֆեյսբուքյան էջում Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Նավալնիի հավանական թունավորման մասին գերմանական բուժհաստատության լուրի առկայությունը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը ֆեյսբուքում պատասխան գրառում էր արել եւ, չբացելով փակագծերը, անոնսել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում:
Նա նաեւ խոսել էր Հանրային հեռուստատեսության ռուսերեն հաղորդումների ծավալը մեծացնելու, ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակն ավելացնելու, ցուցանակների վրա ռուսերեն գրառումները պարտադիր ապահովելու՝ ԱՀ իշխանությունների մտադրության մասին: Եւ ահա հետեւում է երեւանյան մեկ այլ լրատվամիջոցի արձագանքը, որտեղ միանգամից երկու ինտրիգ կա: Հեղինակը նախ շեշտադրում է ռազմագերիների եւ պատանդների հարցերով հանձնաժողովի նիստի անցկացումը եւ հռետորական հարց հնչեցնում՝ պաշտոնական Ստեփանակերտը համաձայնե՞լ է Ադրբեջանին վերադարձնել սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Խոսքը Շահբազ Գուլիեւի եւ Դիլգամ Ասկերովի մասին է, որոնք դատարանի վճռով պատիժ են կրում Արցախում: Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձում է հասնել նրանց փոխանակմանը: Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, սա չափազանց բարդ եւ բազմակողմանի քննարկում ենթադրող խնդիր է, որպեսզի այդ մասին մամուլում խոսվի նման ինտրիգային ոճով:
«Բայց դա, ցավոք, մեջբերված նյութի ամենաարտառոց ընդգծումը չէ: Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելու Արցախի իշխանությունների մտադրվածությունից, հեղինակը եւս մեկ հարցադրում է անում՝ իսկ Մոսկվան պատրա՞ստ է դրա դիմաց Արցախի անկախությունը ճանաչել ներկայիս փաստացի սահմաններում: Տեղեկատվական քաղաքականությունը պետք է միտված լինի դրական զարգացումների հանրայնացմանը եւ ունենա դիվանագիտական նրբանկատություն, երբ խոսքը միջպետական հարաբերությունների, արտաքին քաղաքական հարցերի մասին է: Ուզում ենք մենք, թե ոչ՝ Ռուսաստանը շատ զգայուն է ընդհանուր անցյալի, հետխորհրդային տարածքում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման եւ զարգացման հարցերում: Տասը ադրբեջանցու եթե հարց ուղղվի, ապա ինը հաստատ ռուսներին թշնամի կանվանի:
Բայց՝ կենցաղային մակարդակում: Գործնական քաղաքականության մեջ Ադրբեջանն Ռուսաստանի համար հետխորհրդային տարածքի եզակի երկրներից մեկն է, որտեղ հարգի է ռուսաց լեզուն, ռուսական մշակույթը պահպանվում է, որտեղ գործում են ռուսական դպրոցներ: Ինչու՞ է Բաքուն գնում նման որոշումների՝ հասկանալի է՝ հանուն ԼՂ հարցում Ռուսաստանից ունեցած ակնկալիքների: Եւ եթե Արցախի իշխանությունները Հանրային հեռուստատեսության քսանչորսժամյա եթերից մի բան հատկացնեն ռուսերեն հաղորդումներին, ապա դրանից ոչ բյուջեն է տուժելու, ոչ մեր պետական կամ ազգային շահը: Խնդիրը պետք է դիտարկել լայնախոհության դիտանկյունից: Ոչ թե ճակատային հարցադրում անել, թե դրա դիմաց ի՞նչ է պատրաստ ,,վճարել,, Ռուսաստանը: Պետական եւ ազգային կարեւորության հարցերը լուծվում են ,,սանտիմետր առ սանտիմետր,, առաջընթացով: Իշխանությունը պարտավոր չէ մամուլի հարցադրման առթիվ բացել բոլոր խաղաթղթերը:
Կլինե՞ն Ռուսաստանի հետ հարաբերություններում արդյունքներ՝ կդառնան տեսանելի իրողություն, որի վրա էլ, ի դեպ, կառուցվում է գործնական քաղաքականությունը: Բայց ու՞մ ես ասում: Ինտրիգամանիան հասել է նրան, որ, ժողովրդի ասած, ձվի մեջ էլ մազ են փնտրում, միայն թե «սենսացիայի» առիթ ունենան: Մինչդեռ պիտի աշխատեին այն գիտակցությամբ, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվությունը նույնպես քաղաքականություն է, եւ հաջողության է հասնում այն երկիրը, որ իր շահերն աշխարհին կարողանում է ավելի համոզիչ ներկայացնել: Այդ թվում եւ՝ մամուլի միջոցով: Երեւի ժամանակն է, որ Հայաստանը եւ Արցախն այդ խնդրին տան պետական լուծում»,- գրում է քաղաքագետը:


