Ինքը հիպնոս էր անում, դրա համար հենց ելույթ էր ունենում ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեմ. Աղազարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին 90-ականների ժամանակների առաջին դեմքերից որևէ մեկը չկա: Կան երկրորդ, երրորդ էշելոնի ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այդ համախմբումը կարելի է հասկանալ, քանի որ նա միտք ունի, կարողանում է գնահատակներ տալ, որոնք մարդուն գրավում են: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանը նշել է, որ 90-ականներին, երբ ինքը պատգամավոր է եղել, երբ խորհրդարանում կարևոր հարց է քննարկվել, վերջում Տեր-Պետրոսյան է ելույթ ունեցել․
«Ես 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում, դրա համար հենց ելույթ էր ունենում ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեմ»:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում բոլոր աղետների, բոլոր բացասական դրսևորումների կնքահայրը, գործողն ու արարողը Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել ու մնում է:
«Ասում են, որ Փաշինյանը լքեց ՀԱԿ-ը: Փաշինյանը չի լքել ՀԱԿ-ը, ՀԱԿ-ը շարժման նման մի բան էր, որտեղ տարբեր քաղաքական ուժեր, անհատներ կային: Փաշինյանն այդ անհատներից մեկն էր:
Հետո Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ը դարձրեց կուսակցություն, իսկ Փաշինյանը չմտավ այդ կուսակցության մեջ: Դրանից հետո նա դա որպես դավաճանություն ներկայացրեց: Այդպես արել էր նաև ՀՀՇ-ի դեպքում»։