կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը խոստովանել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին դիտարկումներին։

«Ես անկեղծ ասած այդ ելույթի մեջ տեսել եմ բազմաթիվ ստեր ու կեղծիքներ, բայց պետք է հստակ ընդգծեմ մի կարևոր հանգամանք, որ Հայաստանի կառավարիչը խոստովանեց՝ ինքը ԼՂ–ն զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ–որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավճակիի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամաարտահայտությամբ, ո՞ր երկրի և ում մասին է խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի մասին, գուցե այն երկրի՞ մասին, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել, ինչը նա ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին։ Նա ճիշտ է, որ ինքը գիտակցաբար է զոհել Արցախը»,- ընդգծեց երրորդ նախագահը։

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, որ ԼՂ–ն որևէ փաթեթով չէր ենթադրվում կարգավորել, և որ 2016-ից հետո արդեն իսկ պետականության լուծարման խնդիրը դրված էր, Սերժ Սարգսյանը հերքեց. «Նա ստում է, նա պայծառատես չէ, որպեսզի ենթադրություններ անի ապագայի մասին։ Մենք հստակ ասել ենք, որ ունենք բոլոր փաստաթղթերը, թող նա ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ իր ասածը տեղ է գտել և թող ասի՝ այ սրանով փակվել է ԼՂ խնդիրը։ Գոյություն ունեն փաստաթղթեր, ըստ որոնց, ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում է ազատ կամաարտահայտությամբ։ Մենք ինչ ասում ենք, փաստարկում ենք փաստաթղթերով»։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք ճիշտ է, որ ՄԱԿ–ի փաստաթղթով միջանկյալ կարգավիճակի զրոյացում էր նախատեսում, երրորդ նախագահը կրկին հերքեց. «Ոչ, ես հավաստիացնում եմ, Կազանից հետո որևէ էական բան չի փոխվել բանակցություններում։ Անկախ նրանից թե ձևակերպումներն ինչպիսին են եղել, ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվում էր ազատ կամաարտահայտությամբ։ Փոփոխության ենթարկվում էր, բայց դրանք էական բան չէին փոխում, ԼՂ–ն հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններով կառավարել կյանքը ԼՂ–ում»։

  • Կիսվել: