շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Ինձ մնար՝ Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյան օվկիանոսով. Միրզոյան

Ինձ մնար՝ Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյան օվկիանոսով. Միրզոյան

Մենք ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քառակուսի կիլոմետրից ավելի, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին, դիտարկելով, թե տրամաբանական կլիներ, որ սահմանազատումը սկսվի ոչ թե հյուսիսից, այլ հարավից:   

Նա, մասնավորապես, նշեց. «Սկսել հյուսիսի՞ց, թե՞ հարավից... դուք էլի ձեր մտքի մեջ ունենք բան գծած, որը ձեր մտքի մեջ է: Ինձ մնար՝ Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կարող է ավարտեի Ատլանտյան օվկիանոսով: Բայց մեզանից բացի՝ մոլորակի վրա կա ևս 200 պետություն:

Երբ առնչվում ենք հարցերի, որոնք վերաբերում են ոչ միայն ՀՀ-ին, այլև այն 200-ից յուրաքանչյուր այլ երկրի, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ երկկողմ համաձայնություն կա այդ մասին:

Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի: Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ, հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից. եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Կարելի էր մի քիչ այսպես, կարելի էր մի քիչ այնպես… Շատ բան էր կարելի: Հիմա պայմանավորվածություն ունենք շատ հստակ»:

Ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունից ընդամենը 24 ժամ անց Բրիտանական կառավարությունը իր քաղաքացիներին հորդորել է խուսափել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով երթևեկելուց։

«Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել։ Մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմեդացիաների մասով, ահաբեկչության վտանգի մասին լուրջ կտորն էլ դուրս է հանված։ Բրիտանական կարգավորումը այս փուլում մեղմացում է ունեցել Հայաստանի նկատմամբ»,- նշեց Միրզոյանը:

  • Կիսվել: