ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչու են պատժամիջոցների պայմաններում ՏՏ ոլորտի շատ մասնագետներ նախընտրում Հայաստանը. պարզաբանում է փոխնախարարը

Ինչու են պատժամիջոցների պայմաններում ՏՏ ոլորտի շատ մասնագետներ նախընտրում Հայաստանը. պարզաբանում է փոխնախարարը

Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի  մասնագետների հոսքը Հայաստան բավականին մեծ է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ նշելով, որ իրենց խնդիրն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ եկած մասնագետները պատժամիջոցների վերացումից հետո չլքեն Հայաստանը։ 

«Կա այդ ներհոսքը, բայց հիմնականում Ռուսաստանից է։ Բելառուսից նույնպես կա, Ուկրաինայից՝ ավելի քիչ։ Կան դեպքեր, երբ ՏՏ կազմակերպություններն ամբողջությամբ գալիս են այստեղ։ Հայաստանում ոլորտի մասնագետների պահանջարկ կար։ Սա լավ իրավիճակ է մասնագետների բացը լրացնելու համար։ Պահանջարկ-առաջարկ ոչ համաչափության հիման վրա աշխատաշուկայում աշխատավարձերը բարձր են։ Այս հոսքի հետևանքով դրանք, հնարավոր է, նվազեն»,- նշեց Սահակյանը

Վերջինիս խոսքով՝ մասնագետների համար պատշաճ պայմաններ ապահովելու համար յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր անելիքը։ Փոխնախարարը նկատում է՝ որպեսզի Հայաստան մասնագետների հոսքը շատանա, նախ պետք է լինեն համապատասխան քանակությամբ բնակարաններ, դպրոցներ ու մանկապարտեզներ,  նրանց լեզվով խոսող սպասարկման ոլորտ։ Եթե ԲՏԱ նախարարությունը քայլեր ձեռնարկի նրանց Հայաստան բերելու ուղղությամբ,  ուրիշ խնդիրներ են առաջանալու։ Այդ խնդիրների լուծման համար ևս քայլեր ձեռնարկվում են։

«Մասնագետների մեծ հոսքը Հայաստան փորձառություն էր նախարարության համար: «Տեղեկատվական տեխնոլոգիաների  պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվելու:  Տեսանք, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որ մենք պետք է ներառենք այս գործընթացում, որը հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի արդեն ինստիտուցիոնալ մակարդակով»,- ասաց Սահակյանը։ 

Փոխնախարարի խոսքով՝ նախարարությունը զբաղվում է նաև արտասահմանից Հայաստան եկած ՏՏ ընկերությունների համար այնպիսի պայմանների ստեղծմամբ, որոնք նրանց հնարավորություն կտան ստեղծել, արարել, զարգացնել։ 

Փոխնախարարն ընդգծեց՝ անում են այն ամենը, ինչը հայկական ընկերությունների համար ևս արվում է, թե դրսից եկած, թե հայկական ընկերություններին նույն վերաբերմունքն են ցուցաբերում։ 

«Բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ եկել գրանցվել են Հայաստանում։ Օրենքը թույլ է տալիս արտասահմանյան ընկերություններին գալ Հայաստանում գրանցվել»,- նշեց նա։

Թե ինչու են ՏՏ ոլորտի մասնագետներն ընտրում հենց Հայաստանը, Սահակյանը նշեց՝ Հայաստանը մեծ առավելություններ ունի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների զարգացման համար։ 

«Հայաստանը շատ լավ ցատկահարթակ կարող է հանդիսանա գլոբալ շուկա մտնելու և գլոբալ բիզնեսով զբաղվելու համար։ Նրանց Հայաստան գալուն նպաստել է մեր էկոհամարագը, մեր օրենսդրական դաշտը, մեզ մոտ  միջազգային մակարդակով արվող բարեփոխումները։ Սրանք արվում են Հայաստանի տեխնոլոգիական համակարգը միջազգային ստանդարտների  համապատասխանեցնելու համար, որ ստարտափները ոչ թե Հայաստանից գնան ներդրումներ ներգրավելու համար, այլ ներդրումները գան Հայաստան։ Մենք հիմա այս գրավչությունները «վաճառելու» փուլում ենք»,- նշեց Սահակյանը։

Այս պրոցեսը, փոխնախարարի գնահատմամբ, երկկողմանի համագործակցություն է։ Նախարարության խնդիրը ՏՏ մասնագետներին ու ընկերություններին Հայաստանում պահելն է։ 

«Եթե Հայաստանին հաջողվի մասնագետների ու ընկերությունների որոշակի մասին պահել այստեղ ես կհամարեմ, որ մեր համակարգը կայացել է։ Մենք կարող ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ տեսեք՝ նրանք եկան, տեսան ու մնացին, դուք էլ կարող եք գալ, տեսնել ու մնալ։ Մենք արդեն գիտենք, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը, որպեսզի մեր էկոհամակարգի ծառայությունները հասանելի լինեն ամենուր»,- եզրափակեց Սահակյանը։ 

  • Կիսվել: