կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնության ժամկետը կերկարաձգվի

ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնության ժամկետը կերկարաձգվի

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող՝ եկամտային հարկի մասով արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Սահակյանը:

Նախարարի խոսքով՝ ներկայացված փաթեթով նախատեսվում է նախկինում ՏՏ ոլորտին տրվող աջակցության՝ շահութահարկի արտոնության վերացում և եկամտային հարկի մասով արտոնության ժամկետի երկարաձգում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: 

Օրենքի գործողության ժամկետն արդեն երկրորդ անգամ է երկարաձգվում: Սահակյանի խոսքով՝ տարվա ընթացքում մշակվել է այս օրենքի նախագծի 4 տարբերակ, որոնք քննարկել են և ոլորտային ընկերությունների, և կառավարության, և օրենսդիրի գործընկերների հետ, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել որևէ տարբերակի շուրջ համաձայնության գալ:

«Մեկ շաբաթ առաջ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ոլորտի ընկերությունների հետ հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ճանապարհները,  որոշում է կայացվել օրենքը ևս 1 տարով երկարաձգել»,-ասաց նախարարը:

Գործող օրենքով կարգավորումը հետևյալն էր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես՝ շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10 տոկոսի չափով:

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 67 կողմ, 25 ձեռնպահ ձայն:

  • Կիսվել: