կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Ինչու՞ եմ կրկին առաջադրվում քաղաքապետի պաշտոնում, եթե սուրս փառքով դրել էի պատյան». Վարդան Ղուկասյան

«Ինչու՞ եմ կրկին առաջադրվում քաղաքապետի պաշտոնում, եթե սուրս փառքով դրել էի պատյան». Վարդան Ղուկասյան

Եկել եմ ասելու, թե ինչու եմ 13 տարի Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո կրկին առաջադրել իմ թեկնածությունը։ Եթե ինձ մնար, չէի առաջադրի, որովհետև սուրս փառքով դրել էի պատյան։ Բայց այսօրվա երկրի վիճակը տեսնելով... սա միայն Գյումրու քաղաքապետի ընտրությունը չէ, այստեղից ծագելու է ՀՀ փոփոխությունը՝ կառավարության վերին ատյաններում։ Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

«Տեսնելով, թե ինչ է կատարվում ՀՀ–ում, ինչպես Արցախը հանձնեցին թուրքերին, ինչ պայմանագիր են կնքել, 5 մլրդ դոլարի զենքը, գործարաններն ու եկեղեցիները թողեցին թուրքին, ՀՀ տարածքները հիմա նորից զիջել են թուրքերին, հիմա էլ խոսում են, որ 300 հազար թուրքի պիտի բերեն լցնեն Հայաստան։ Եթե մենք լռենք, գոնե քարերը պիտի աղաղակեն։ Եթե ուզում եք գնահատակ տալ այսօրվա իշխանությանը, մի բան կարող եմ ասել՝ երկրի վարելահողերի 60 տոկոսը չի օգտագործվում»,–ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա հավելեց, որ եթե պետության վարելահողերի 60 տոկոսում վարուցանք չի իրականացվում, ապա ղեկավարներին պետք է  հեռացնել։

«Գյուղատնտեսության նախարարությունը դիտավորյալ փակեցին։ Գործարաններ հիմնելու և աշխատատեղեր ստեղծելու հետ կապված ասում են՝ ոչինչ չունենք անելու, պիտի ժողովուրդն իր համար աշխատատեղ ստեղծի, աշխատի, մենք էլ գանք հարկերը հավաքենք։ Դա է պետական քաղաքականությունը։ 1915 թվականին Ալեքսանդրապոլում ավելի շատ գործարաններ կային, քան 21-րդ դարում Գյումրիում»,–ասաց Ղուկասյանը՝ հայտարարելով, որ ներկայիս իշխանությունները չեն ցանկանում որևէ ձևով բարելավել հասարակ քաղաքացիները կյանքը։

 

  • Կիսվել: