Ինչու է Քոչարյանը դատի տալիս Փաշինյանին․ Փաստաբանը ներկայացրել է դատական հայցի հիմքերը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի հիմքերը: Նա մեջբերեց ՀՀ վարչապետի հայտարարությունը:
«Ասում եմ անվանական՝ Ռոբերտ Քոչարյան, եվրոպացիների փեշերի տակ չեք «պախկվի», Ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք»,- ներկայացրեց Ալումյանը՝ նշելով, թե այդ արտահայտությունից հետևում է, որ Փաշինյանը Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ:
«Երկու ուրիշ դրվագում էլ էլի նման մեղադրանքներ կան»,-հավելեց փաստաբանը:
Փաստաբանը նաև հիշեցրեց, որ Փաշինյանի դեմ Քոչարյանը մեկ անգամ էլ էր հայց ներկայացրել, սակայն հետագայում հայցադիմումից հրաժարվել էր, քանի որ այդ ժամանակ վարչապետին շատ զայրացրել էր այն հանգամանքը, որ 2018-ի օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ էր արձակել անձեռնմխելիության հիմքով:
Ըստ Ալումյանի, դրանից մոտ մեկ ամիս անց վարչապետը Փարիզում արեց հետևյալ հայտարարությունը.
«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը. ասում են անձեռնմեխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել, և ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ»: «Սա զրպարտություն և անմեղության կանխավարկածի խախտում էր, բայց վարչապետն իր ներկայացուցչի միջոցով հայտարարեց, որ այս արտահայտությունը Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում»,- հստակեցրեց փաստաբանը:
Ալումյանը նաև ասաց, որ չի բացառվում այս անգամ իրենք գնան մինչև վերջ եթե նույնիսկ Փաշինյանը հրաժարվի իր հայտարարությունից՝ բացառելու հետագայում նման դեպքերի կրկնությունը:


