չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինչու է իրականում Վճռաբեկի նախագահի ընտրությունը հանվել ԱԺ օրակարգից․ «Ժողովուրդ»

Ինչու է իրականում Վճռաբեկի նախագահի ընտրությունը հանվել ԱԺ օրակարգից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ժամը տասից խորհրդարանում պետք է մեկնարկեր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի ընտրություններ։ Սակայն երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին եւ խնդրել հանել այս հարցերը օրակարգից։

 

Որպես պատճառաբանություն նշվել է, որ թեկնածուները մինչեւ այժմ չեն հանդիպել խմբակցություններին, նաեւ վերջիններս նպատակահարմար չեն համարել հետպատերազմյան այս իրավիճակում նման քննարկման մասնակցել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում այս հարցը օրակարգից հանվել է, քանի որ դատավորները դատական համակարգում հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի այս Ազգային ժողովը իրենց ընտրի, ուստի հրաժարվում են գնալ:

Ավելին դատական համակարգում ենթադրում են, որ դատավորների ԱԺ չներկայանալը ունի՝ եւս մեկ կարեւոր պատճառ: Այս ընթացքում խորհրդարանը դժվարությամբ է քվորում ապահովում նույնիսկ իր համար կարեւոր հարցերի դեպքում եւ այս իրավիճակում խորհրդարանը չէր կարողանա քվորում ապահովել դատավորների հարցում։

Այս թեկնածուների ընտրության համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, ասել է, թե որակյալ մեծամասնություն: Ուստի ենթադրվում է, որ այս հանգամանքը եւս պատճառներից մեկն է եղել ,որ դատավորները չգան ԱԺ»:

Մանրամասները՝ թերթի այսօվա համարում։

  • Կիսվել: