կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

Ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր. Ալեքսանյանը՝ Մամիջանյանին

Վերջերս դատարանի օրինական ուժի մեջ մտավ վճիռ, որով «Պատիվ ունեմ» խմբակցության նախընտրական շտաբի պետը դատապարտվեց ընտրակաշառք տալու համար: Ինչքա՞ն եք վճարել քաղաքացիներին, որ ձեզ ընտրեն, որ դառնաք պատգամավոր, գինը ինչքան էր ընտրակաշառքի։

 

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին հարցրել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածությունը քննարկելիս։

Մամիջանյանը պատասխանել է․

 

«Քաղաքացիները գնացել և ընտրել են «Պատիվ ունեմ» խմբակցությանը իմանալով, լսելով, թե ինչ ձայն է գալիս Եռաբլուրում, հիշելով, որ մինչև ձեր աղետալի իշխանությունը, իրենք անվտանգ գնում էին մեր Արցախ: Այ դրա համար են մեզ ընտրել»: 

Վահագն Ալեքսանյանը հարցրել է նաև նախկինում եղած մենաշնորհների մասին․

«Ըստ ձեզ, օրինակ 2017 թվականին Հայաստանում քանի տնտեսական մենաշնորհ է եղել մոտավորապես: Օրինակ ես, որ այդ թեմայից խոսում եմ առաջին բանը, որ մտքիս գալիս է՝ բանան, կան շատ մարդիկ, որ կասեն նաև բենզին, դրա հետ էլ կհամաձայնվեմ, բայց հասկանալով, որ բենզինը ձեր մոտ ինչ ասոցիացիաներ կարող է առաջացնել՝ հաշվի առնելով հայտնի դատական գործը, դրա մասին չեմ խոսում: Հիմա ձեզ հայտնի՞ է՝ ձեր ներկայացրած թեկնածուն հանձնաժողովի կազմում ինչ գործունեություն է ծավալել կոնկրետ այդ մենաշնորհների հետ կապված»:

Մամիջանյանն ասել է, որ հայտնի շինծու դատական գործը բենզինի հետ չի կապված այլ դիզելի․

«Երկրորդը՝ այդ հայտնի շինծու դատական գործը ՀՀ-ի վրա նստել էր մի քանի միլիոն, եթե չեմ սխալվում, դա այն գումարն է, որը դուք ներել եք այն վկային, որ ինքը չանցնի ԴԱՀԿ-ով, դա նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունք տալու գումարն է»:

Անդրադառնալով մենաշնորհի հարցին, Մամիջանյանը նշել է, որ ինքը կրթությամբ տնտեսագետ չէ, բայց կարող է մի քանի փաստ արձանագրել:

«Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում 2018 թվականից ցայսօր, բենզինի ներկրման չափաբաժինների մասով շատ քիչ փոփոխություններ է եղել, շաքարինը, եթե չեմ սխալվում ընդհանրապես չի փոխվել, նույնը վերաբերում է հացահատիկին: Բանանը ձեր իշխանափոխության սիմվոլն է, այնպես որ, չլինելով տնտեսագետ, ես կհամարեմ, որ եթե չափաբաժինները մենաշնորհների չեն փոխվել, ապա մինչև այդ ձեր ասած ամեն ինչը իրականությանը չեր համապատասխանում»:

Արձագանքելով, Ալեքսանյանը նշել է, որ ինքն էլ տնտեսագետ չէ, բայց մենաշնորհի մասով լուրջ ճեղքվածներ կան:

«Ինչքանով գիտեմ առնվազն մենաշնորհի մասով ճաքեր կան, ճաքեր էլ չէ, լուրջ ճեղքվածներ ձեր նշած բոլոր ոլորտներում, էլ չեմ խոսում այն մասին, թե բանանի հետ կապված վերջերս ինչ պարզվեց ձեր կուսակցության մյուս նախկին պատգամավորի հետ կապված, բանանի հետ ինչ գտան, ըստ երևույթին ինքնարժեքի հետ կապ ուներ»:

  • Կիսվել: