Ինչպես են մեկնաբանել Փաշինյանի այցը Արցախ Բաքվում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստեփանակերտ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նրա մասնակցությամբ Պաշտպանության բանակում անցկացված խորհրդակցությունը, դրան նախորդած՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շրջայցը ՊԲ առաջնագծում լայնորեն քննարկվում են ադրբեջանական փորձագիտական շրջանակներում:
Ընդ որում, Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմա-քաղաքական համագործակցության խորացման վերաբերյալ Բաքվում իշխող տեսակետն այն է, որ տեսանելի ապագայում կողմերը կարող են ֆորմալացնել Հայաստանի զինված ուժերի ներկայությունն Արցախում:
Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա ադրբեջանական վերլուծաբանները հղում են անում թուրքական Global haber (Գլոբալ տեղեկատվություն) կայքի տեղեկատվությանը, որի համաձայն՝ «օգոստոսի 25 –ին Ռուսաստանը վերսկսել է ԻԼ 76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Հայաստան ռազմական բեռների փոխադրումը»: Նշվում է նաեւ օդային միջանցքը՝ Մոզդոկ-Ակթաու-Թուրքմենբաշի-Ռեշտ-Մեղրի-Երեւան: Սա, ամենայն հավանականությամբ, թուրքական հետախուզության տեղեկությունն է:
Ադրբեջանցի փորձագետները չեն կասկածում, որ խոսքը ժամանակակից սպառազինությունների մասին է, ինչպես եւ նրանում, որ դրանց մի մասը տեղակայվելու է Արցախում: Այս իմաստով նրանք համարում են, որ վարչապետ Փաշինյանը հատկապես այդ մեսիջն է փոխանցել Պաշտպանության բանակի հրամանատարությանը:


