Ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում Կառավարության, ԱԺ-ի, նախագահի և վարչապետի աշխատանքը
«GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն սեպտեմբերի 22-24-ը հեռախոսային հարցում է իրականացրել, որին մասնակցել է 1001 մարդ։
Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե որքանով են հավանություն տալիս պետական մարմինների աշխատանքին։
Հարցման արդյունքներով՝ հարցվածների 55.9%-ը հավանություն է տալիս ՀՀ Կառավարության աշխատանքին, իսկ 39.9%-ը՝ ոչ։
Մասնավորապես, Կառավարության աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների 25.1%-ը, ավելի շուտ հավանություն՝ 30.8%-ը։ Միաժամանակ, 10.8%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն չի տալիս Կառավարության աշխատանքին, իսկ 29.1%-ը՝ ընդհանրապես հավանություն չի տալիս։ Հարցվածների 4.3%-ը դժվարացել է պատասխանել։
Ազգային ժողովի աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 41.5%-ը, իսկ 52%-ը՝ դժգոհություն է հայտնել։
ԱԺ-ի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների 16.8%-ը, ավելի շուտ հավանություն՝ 24.7%-ը։ Հարցվածների 37.5%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն չի տալիս խորհրդարանի աշխատանքին, իսկ 14.5%-ը՝ ընդհանրապես հավանություն չի տալիս։ 6.6%-ը դժվարացել է պատասխանել։
ՀՀ նախագահի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների 18.6%-ը, ավելի շուտ հավանություն՝ 20%-ը։ Ընդհանուր առմամբ, նախագահի աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 38.6%-ը։
Միաժամանակ, 29.1%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն չի տալիս նախագահի աշխատանքին, իսկ 8.7%-ը՝ ընդհանրապես հավանություն չի տալիս։ Հարցվածների 23.7%-ը դժվարացել է պատասխանել։
ՀՀ վարչապետի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների 31%-ը, ավելի շուտ հավանություն՝ 22%-ը։ Այսպիսով, վարչապետի աշխատանքին հավանություն է տվել հարցվածների 53%-ը։
Վարչապետի աշխատանքին ավելի շուտ հավանություն չի տալիս հարցվածների 29.3%-ը, իսկ ընդհանրապես հավանություն չի տալիս՝ 10.9%-ը։ Հարցվածների 6.9%-ը դժվարացել է պատասխանել։
Այսպիսով, հարցման արդյունքներով՝ Կառավարության և վարչապետի աշխատանքին հավանություն տվողների մասնաբաժինը գերազանցում է հավանություն չտվողների ցուցանիշը։ Ազգային ժողովի աշխատանքի դեպքում հակառակ պատկերն է․ դժգոհություն հայտնածների մասնաբաժինը գերազանցում է հավանություն տվողների ցուցանիշը։ Նախագահի աշխատանքի գնահատականների դեպքում հավանություն տվողների և չտվողների ցուցանիշները մոտ են միմյանց, իսկ հարցվածների զգալի մասը դժվարացել է պատասխանել։



