կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ինչո՞ւ երկու տարի առաջ թշնամու գրաված հողերի մասին չեք խոսում, հանկարծ 90-ականների հողերի մասին եք խոսում. Սրբազան

Ինչո՞ւ երկու տարի առաջ թշնամու գրաված հողերի մասին չեք խոսում, հանկարծ 90-ականների հողերի մասին եք խոսում. Սրբազան

Սփյուռքի բոլոր համայնքներում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ մեծ արձագանք կա։ Այս մասին, այսօր հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Սա ինչ-որ խմբի շարժում չէ։ Սա մեր անգույն՝ բոլոր գույներով շարժումն է։ Սա տարիներով ծրագրված շարժում չէ, այլ ծնվել է պահի անհրաժեշտությամբ։ Այդ պահը Արցախի հանձնումից հետո եկել, պատել է ՀՀ-ին՝ կտոր-կտոր մեր հայրենիքի անվտանգությունը փշրելով։ Մենք ասել ենք՝ խնդիրը սահմանափակ իմաստով Տավուշի մեջ է, բայց լուծումը հայության ձեռքերում է։

Միակողմանի զիջումներ են կատարում, այն էլ՝ թշնամի երկրի սպառնալիքի ներքո։ Մենք չենք ասում սահմանազատում չլինի։ Թող օրենքով ու կարգով լինի։ Ինչո՞ւ երկու տարի առաջ թշնամու գրաված հողերի մասին չեք խոսում, հանկարծ 90-ականների հողերի մասին եք խոսում»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հայրենադարձներին, ովքեր փորձում են իրենց ներգրավվածությունն ունենալ ՀՀ-ի կյանքում»,-ասաց նա:

Սրբազանն անդրադարձավ նաեւ տարբեր երկրներում հայկական համայնքներում տիրող իրավիճակին. «Մենք հիմա գնում ենք այս շենքի դիմաց, այն դեսպանատան դիմաց ակցիաներ ենք անում, հանդիպումներ ենք ունենում տարբեր մեծ ու փոքր մարդկանց հետ. Կանադայի խորհրդարանում ինձ ասել են՝ լավ, մեզ մեղադրում եք, մենք կեղծավորություն ենք անում, բա ձեր կառավարությունն ինչո՞ւ է այդպես գործում:

Այն ազգերը, որոնց մեջ ապրել ենք, ապրում ենք, ի՞նչ խղճով ենք նրանց հետ հարաբերվում, խնդրողի դերում ենք հայտնվել: Մինչդեռ ժամանակին իրենց կարծես թելադրողի դերում լինեինք: Դա շատ մեծ վնաս, վտանգ է հայ ժողովրդի համար, որոնք ապրում են այլ միջավայրերում: Նրանք հիմա մոլորված վիճակում են, աընդհատ մեզ հարցնում են՝ ի՞նչ է լինելու, ինչ պետք է անենք: Պետություն ու հայրենիք ունենալու երազը խլված է մեզնից: Այս շարժման ծրագիրն է, որ այդ երազը հետ վերադառնա, իղձերը հետ վերադառնան: Մենք սովորական ժողովրդի կարգավիճակից դառնանք հատուկ մարդիկ, իղձերով մարդիկ: Դա կարող է իրականացնել այդպիսի արժանապատվություն ունեցող պետությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: