չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինչո՞ւ եք շտապում այսօր դա գործողության մեջ դնել, եթե վաղը ստիպված եք լինելու նորից փոխել․ Արծվիկ Մինասյան

Ինչո՞ւ եք շտապում այսօր դա գործողության մեջ դնել, եթե վաղը ստիպված եք լինելու նորից փոխել․ Արծվիկ Մինասյան

«Հարցը կա եւ այն լուծում է պահանջում։ Այն տարբերակը, որը դուք առաջարկել եք, այդ հարցերի պատասխանները լիարժեք տրված չեն։ Ինչո՞ւ եք շտապում այսօր դա գործողության մեջ դնել, եթե վաղը ստիպված եք լինելու նորից փոխել։ Ավելի տրամաբանակա՞ն չէ, որ հարցը խորքային քննարկվի, մեկ անգամ ընդմիշտ լուծում տրվի, ոչ թե կիսատ-պռատ մի բան արվի»,- Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ եւ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա հավելեց․ «Վկայակոչելով 2004 թվականը՝ Ռոբերտ Քոչարյանի անունն եք տալիս, Սերժ Սարգսյանի անունն եք տալիս։ Տվեք ինչքան ուզում եք, հենց իրենց նախագահության ժամանակ մեր բանակը վստահաբար շատ ավելի ուժեղ էր, ամուր էր, ավելի կայուն էր, քան, ցավոք, այսօր։ Բայց դա չի նշանակում, որ ես փորձում եմ ցեխ շպրտել։ Հակառակը, մեր բոլորի մտահոգության առարկան պետք է լինի, եւ պետք է արդյունավետ լուծումներ գտնենք՝ նպաստելով նաեւ, որպեսզի ազգությամբ այն հայերը, որոնք նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն, շահագրգռվեն ՀՀ քաղաքացիություն ստանալ, գալ հայրենիք, ինչո՞ւ չէ, նաեւ իրենց ծառայությունը մատուցել մեր անվտանգության համակարգին»։

Արծվիկ Մինասյանն առաջարկեց հարցը հիմնարար քննարկել, որպեսզի հետագայում խտրական իրավիճակ չստեղծվի։ «Պարոն Մինասյան, ձեր խմբակցությունն առաջարկ ներկայացրե՞լ է սրա հետ կապված»,- հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ հանձնաժողովի նիստում բանավոր առաջարկ ներկայացվել է, բայց գրավոր՝ ոչ։

  • Կիսվել: