երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ինչո՞ւ եք փորձում ստանձնել Ալիևի փաստաբանի, թարգմանչի դերը. Պապոյանը՝ Թովմասյանին

Ինչո՞ւ եք փորձում ստանձնել Ալիևի փաստաբանի, թարգմանչի դերը. Պապոյանը՝ Թովմասյանին

Ապշել կարելի է խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների դրսևորած գործելաոճից: Այս մասին այսօր ԱԺ-ում նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» Գևորգ Պապոյանը

Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ նա նշեց. «Մասնավորապես տիկին Թովմասյանը այսօր ՀՀ Ազգային ժողովում հնչեցրեց մի անհեթեթ, ստահոդ, ՀՀ պետական շահերի դեմ գործելու նպատակով ի սկզբանե արտաբերված, իրականության հետ որևէ կապ չունեցող միտք, որը մինչ այդ հնչեցրել էր մեկ հոգի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»:

Պապոյանի խոսքով՝ Ալիևի դեպքում նպատակը հասկանալի է: «Բա Ձե՞ր դեպքում ինչն է, ինչո՞ւ եք կրկնում այն սուտը, որը ՀՀ պետական շահերի դեմ է, ինչո՞ւ եք փորձում ստանձնել Ալիևի փաստաբանի, Ալիևի թարգմանչի դերը և ԱԺ դահլիճում հնչեցնել միտք, որին հետևում են ՀՀ քաղաքացիները, միջազգային հանրությունը: Ի՞նչ նպատակներով եք տարածում ադրբեջանական նարատիվներն ու ադրբեջանական կեղծիքը, որը, ամենայն հավանականությամբ, կստանա միս ու արյուն և տարբեր միջազգային ատյաններում ևս կհնչի, և պարոն Կիրակոսյանը (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ.-խմբ.) ստիպված է լինելու այդ անհեթեթությունները ջախջախել»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ հնչեցված մտքերը չեն եղել միտումնավոր, այլ եղել են չգիտակցված:

Նշենք, որ այդ ժամանակ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

  • Կիսվել: