երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը». Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը». Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

Ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է հարցին՝ թե ինչու եղավ «թավշյա հեղափոխությունը»։

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ն կառավարման հարցում սխալներ թույլ է տվել, սակայն «թավշյա հեղափոխությունն» առաջին հերթին պայմանավորված է եղել այլ գործոններով։ Նրա խոսքով՝ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ չեն եղել։ 

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։

«Առայժմ մենք նման քննարկումներ չենք ունեցել։ Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։

«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի  կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր։

«Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը։

  • Կիսվել: