ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինչո՞ւ է Լեհաստանը ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզա սահմանել. ԱԳՆ–ի պարզաբանումը

Ինչո՞ւ է Լեհաստանը ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզա սահմանել. ԱԳՆ–ի պարզաբանումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Լեհաստանը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն։

NEWS.am–ի գրավոր հարցմանը, թե արդյոք հայկական կողմը որեւէ տեղեկություն ունի, թե ինչու է Լեհաստանը նոր տիպի վիզա սահմանել, ԱԳՆ–ից պատասխանել են. «Համաձայն լեհական կողմից ստացված տեղեկատվության՝ տարանցիկ մուտքի վիզա ստանալու պահանջը լեհական կողմը սկսել է կիրառել՝ որպես կանխարգելիչ միջոց, քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք ՀՀ քաղաքացիներ, չունենալով շենգենյան մուտքի վիզա, տարանցիկ թռիչքով իբրեւ թե երրորդ երկրներ մեկնելիս, Վարշավայի օդանավակայանում ընդհատել են իրենց ճամփորդությունը եւ դիմել են Լեհաստանի իրավասու մարմիններին՝ ժամանակավոր պաշտպանություն ստանալու խնդրանքով, որը հատուկ ընթացակարգ է՝ նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը կամ տեղահանվել են իրենց բնակավայրերից եւ հնարավորություն չունեն վերադառնալու։ Այս հատուկ ընթացակարգը հաստատվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2022 թվականի մարտի 4–ին՝ Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով երկրից հեռացող Ուկրաինայի քաղաքացիներին եւ մինչեւ 2022թ.–ի փետրվարի 24–ն Ուկրաինայում օրինական հիմքերով բնակվող այլ անձանց աջակցելու նպատակով։ Ըստ լեհական կողմից ստացված տեղեկությունների՝ ժամանակավոր պաշտպանություն ստանալու խնդրանքով վերջին մի քանի ամիսների ընթացքում նշված եղանակով ստացվել է մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիների դիմումներ, որոնք փաստացի իրականացրել են անօրինական միգրացիա։

Հարկ է նշել, որ անօրինական միգրացիայի դեմ ԵՄ երկրների կողմից կիրառվող կանխարգելիչ միջոցառումներն աննախադեպ չեն։ 2019թ.–ի մարտի 11–ից ՀՀ քաղաքացիները Չեխիայի հանրապետության տարածքում օդանավակայանների միջազգային տարանցիկ տարածքները հատելիս նույնպես պետք է ունենան օդանավակայանի տարանցիկ վիզա։

Նշված խնդիրը գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում, քննարկվել է լեհական կողմի հետ եւ կարող է վերացվել նշված ռիսկերի չեզոքացման կամ կանխարգելիչ այլ մեխանիզմների կիրառման դեպքում»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 1-ից Լեհաստանի օդանավակայանների միջոցով տարանցիկ չվերթով Շենգեն գոտուց դուրս ճամփորդող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Լեհաստանի Հանրապետությունը սահմանել է օդային տարանցիկ մուտքի արտոնագիր ունենալու պարտավորություն` համաձայն 2009 թ. հուլիսի 13-ի Եվրոպական Խորհրդարանի և Խորհրի Կանոնակարգ (ԵՀ) No810/2009՝ Վիզաների մասին Համայնքային օրենսգրքի (Վիզաների մասին օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի: Օդանավակայանի տարանցիկ վիզան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է տալիս գտնվել միջազգային տարանցիկ գոտում՝ առանց դրանից դուրս գալու հնարավորության։ Վիզա տրամադրելու հյուպատոսական վճարը կազմում է 80 եվրո։ Չնայած Լեհաստանը տարանցիկ վիզա է սահմանել օգոստոսի 1–ից, դեսպանատան կայքում այդ մասին հայտարարությունը տեղադրվել է օգոստոսի 10–ից։ Հայաստանի հետ այս սահմանափակումների ցանկում այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Աֆղանստանը, Պակիստանը, Բանգլադեշը, Գանան, Իրաքը, Կոնգոն։

  • Կիսվել: