շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչո՞ւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ կուսակցության վարչության նիստին․ պարզաբանում

Ինչո՞ւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ կուսակցության վարչության նիստին․ պարզաբանում

Լրագրողները խորհրդարանում հետաքրքրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանից՝ ինչ հարցեր են քննարկվել երեկ կայացած նիստում, ինչին ի պատասխան՝ Պապոյանը նշեց՝ վարչության նիստում բացառապես կուսակցական հարցեր են քննարկվում:

«Մասնավորապես կուսակցության զարգացման ռազմավարությունն ենք ընդունել, և ռազմավարության մեջ, այսպես ասած, պատասխանատուներ կան, քննարկել ենք, օրինակ՝ իմ պատասխանատվության գոտիները, որոնք վերաբերում են տարածքային կառույցների զարգացմանը, տարածքային կառույցների անդամների և ցանցի ընդլայնմանը, գաղափարական պատրաստվածությանը, ավագանիների, խմբակցությունների հետ աշխատանքը: Այսինքն՝ քննարկվել են մաքուր կուսակցական, գաղափարական բնույթի հարցեր»,- պարզաբանեց Պապոյանը:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ նիստին ներկա չի եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արդյոք նեղացածությո՞ւնն է պատճառը, պատգամավորը ասաց՝ հստակ չի կարող պատասխանել, սակայն վստահ է, որ Սիմոնյանը կա՛մ պետական, կա՛մ անձնական պատճառներով չի մասնակցել:

«Այն կոնտեքստը, որ դուք հիմա ենթադրում կամ դնում եք հարցի մեջ, բացարձակապես նման բան չկա ու չի կարող լինել»,- նշեց Պապոյանը:

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, որ ՔՊ խմբակցության պատգամավորները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար, Պապոյանը խուսափեց պատասխանելուց՝ վկայակոչելով ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունը:

«Հենվենք այն տեղեկության վրա, որ տվել է պարոն Կոնջորյանը, բայց նաև ես գիտեմ՝ մամուլում ակտիվ քննարկվել է, և ենթադրում եմ՝ մամուլի տեղեկությունները հասանելի կլինեն վարչապետին»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ արդյոք ներկայացվե՞լ է միջնորդությունը, Պապոյանը պատասխանեց, թե չգիտի, սակայն նշեց՝ վստահաբար, անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են:

Նշենք՝ երեկ Կոնջորյանը, խորհրդարանում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին, հայտարարել էր, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել դատարան «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը - խմբ.) և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար 

«Խոսքը երկու կանանց և պարոն Հովհաննիսյանի («Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան - խմբ.) մասին է»,- մանրամասնել էր Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ 

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից:

  • Կիսվել: