երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ ունեցվածք են հայտարարագրել մարզպետները․ «Հետք»

Ինչ ունեցվածք են հայտարարագրել մարզպետները․ «Հետք»

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հայտարարագրերի ռեեստրում արդեն իսկ հրապարակվել են բարձրաստիճան պաշտոնյաների 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը։ Այս հրապարակմամբ ձեզ կներկայացնենք, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել մարզպետները՝ ըստ գույքի և եկամուտների տեսակների։ Գրում է «Հետքը»։

Ամենաշատ անշարժ գույքը հայտարարագրել է Շիրակի մարզպետը

10 մարզպետների մեջ ամենից շատ անշարժ գույք է հայտարարագրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունվարի 27-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը։ Մուշեղ Մուրադյանը 2022-ի իր տարեկան հայտարարագրում նշել է 7 միավոր անշարժ գույք՝ 2 հողամաս, 2 բնակելի տուն և հողին ամրակայված 3 այլ շինություն։ Այս անշարժ գույքերը գտնվում են Ամասիայում և Գյումրիում։ Այս բոլոր անշարժ գույքերը ձեռք են բերվել նախքան մարզպետ նշանակվելը։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2021թ․ մայիսի 27-ին, հայտարարագրել է 5 միավոր անշարժ գույք՝ 2 հողամաս և 1 բնակելի տուն Կոտայքի մարզի Գառնի գյուղում, և 2 բնակարան Երևանում։ Այս անշարժ գույքերից միայն Գառնիի բնակելի տունն է Ահարոն Սահակյանը ձեռք բերել մարզպետ նշանակվելուց հետո։ Նշենք, որ 2016-2021 թվականներին Սահակյանը եղել է Գառնիի համայնքապետը։

Ամենաշատ անշարժ գույք ունեցող մարզպետների եռյակը եզրափակում է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որն այդ պաշտոնում է 2021 թվականի ապրիլի 8-ից։ Նա հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք՝ 1 հողամաս և 1 բնակարան Իջևանում, արտադրական նշանակության 1 շինություն Տավուշի Գանձաքար գյուղում և 1 բնակարան Երևանում, որը ձեռք է բերել 2022 թվականին հիփոթեքային վարկով։ Մյուս անշարժ գույքերը ձեռք են բերվել նախքան մարզպետ դառնալը։ 2019-2021թթ․ Ղալումյանը եղել է Իջևանի համայնքապետի պաշտոնակատար, իսկ դրանից առաջ երկար տարիներ աշխատել է գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում», որտեղ Ղալումյանը նաև փոքր բաժնեմաս ունի։

Մարզպետների շարքում կան նաև երկուսը, որոնք ընդհանրապես ոչ մի անշարժ գույք չեն հայտարարագրել։ Նրանք են Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ամենաշատ դրամական միջոցներն ունի Տավուշի մարզպետը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նաև ամենաշատ դրամական միջոցներ ունեցող մարզպետների եռյակում է։ 2022-ի տարեվերջում Ղալումյանն իր բանկային հաշվին ունեցել է 7 մլն 351 հազար դրամ, իսկ կանխիկ ձևով Տավուշի մարզպետն ունի 13 մլն 100 հազար դրամ, որը տարեսկզբին չի եղել, և 15 հազար ԱՄՆ դոլար, որը տարեսկզին կազմել է 5000 դոլար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այս ցանկի երկրորդ տեղում է։ Նա հայտարարագրել է 1,9 մլն դրամ անկանխիկ և 12,5 մլն դրամ կանխիկ գումար։ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021թ․ սեպտեմբերի 8-ին։ 

Հարկ է նշել, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը չնայած որ ամենաշատ անշարժ գույքն ուներ, դրամական միջոց ունեցողների ցանկում վերջին հորիզոնականում է։ Նա հայտարարագրել է ընդամենը 50 հազար դրամ կանխիկ գումար։

2022-ին ամենաշատ եկամուտներն ունեցել է Արմավիրի մարզպետը

Տարին եկամուտների տեսանկյունից ամենահաջողը եղել է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի համար։ 2022 թվականին նրա ընդհանուր եկամուտները կազմել են 32 մլն դրամ, որից 12 միլիոնը մարզպետի պաշտոնում աշխատանքի վարձատրությունն է։ 10 միլիոն դրամը ստացվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վաճառքից։ 5,4 մլն դրամը փոխառություն է «Ամերիաբանկից», 2,6 մլն դրամը՝ վարձակալության տված գույքից, իսկ մնացած 2 միլիոն դրամը ձևակերպված է որպես պետական բյուջեից այլ եկամուտ։

Էդվարդ Հովհաննիսյանը Արմավիրի մարզպետն է 2021թ․ նոյեմբերից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Պետական եկամուտների կոմտեի նախագահի պաշտոնը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նաև այս եռյակում է իր տեղը գտել, այս դեպքում՝ երկրորդ հորիզոնականում։ Նախորդ տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են ընդհանուր 28,6 մլն դրամ։ 12,9 միլիոնը եղել է մարզպետի պաշտոնում նրա աշխատանքի վարձատրությունը։ 13,1 մլն դրամ ստացվել է Իջևանում իր բնակարաններից մեկի վաճառքից։ 1 մլն դրամը փոխառություն է «Հայէկոնոմբանկից», 1,6 մլն դրամ ձևակերպված է որպես այլ եկամուտ ֆինանսների նախարարությունից։ 37 հազար դրամ էլ ստացվել է «Հայէկոնոմբանկում» ունեցած իր շահաբաժնից։ 

Այս եռյակն էլ եզրափակում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որի 2022-ի եկամուտները կազմել են 18,1 մլն դրամ, որից 9,5 միլիոն դրամը մարզպետի աշխատավարձն է։ 6,5 միլիոն դրամը վարչապետի խորհրդականի պաշտոնում ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 2 միլիոնը ձևակերպված է որպես այլ եկամուտ Պետական եկամուտների կոմիտեից։ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի մարզպետ է նշանակվել 2022 թվականի մարտի 4-ին։ Մինչ այդ նա վարչապետի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: