չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ինչ ազդեցություն կունենան ընթացիք տարվա մի շարք ընտրությունները Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա

Ինչ ազդեցություն կունենան ընթացիք տարվա մի շարք ընտրությունները Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա

2024 թվականը վճռորոշ ընտրական տարի է: Ընտրություններ են ողջ աշխարհում, տարբեր մայրցամաքներում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, որոնք համաշխարհային անկայունության, շարունակվող հակամարտությունների և անվտանգային լուրջ մարտահրավերների ներքո են։ 

Փորձագետների կարծիքով, ընտրությունների արդյունքները, կարող են ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների ու տարբեր տարածաշրջաններում քաղաքական ու անվտանգային զարգացումների վրա:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դուրս չեն այդ ամենից. տարածաշրջանային և միջազգային հիմնական խաղացողների մոտ քաղաքական փոփոխությունները կարող են ազդել Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացի վրա՝ աշխուժացնելով կամ զսպելով դիվանագիտական ջանքերն այդ ուղղությամբ:

Ռուսաստանում, Եվրամիությունում և ԱՄՆ-ում այս տարվա ընտրությունները, ու Ադրբեջանում կայացած նախագահի արտահերթ ընտրությունը նշվաշի շարքից են՝ հաշվի առնելով Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի ակտիվությունը Հարավային Կովկասում:

Ադրբեջան

Բրիտանական «Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսի դիտարկմամբ, Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրության անցկացման ամենահավանական պատճառը Իլհամ Ալիևի ժողովրդականության աննախադեպ աճն է, որի հիմքում նրա «հաղթանակներն են»:

Ըստ փորձագետի, Ալիևը դեռ երբեք այսչափ հեղինակություն չի վայելել Ադրբեջանում:

ԵԱՀԿ դիտորդները Ադրբեջանում փետրվարի 7-ին նախագահի ընտրությունը գնահատել են քաղաքական մրցակցությունից զուրկ, ընտրական լուրջ թերություններով ու լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակմամբ։

«Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսը համարում է, որ այս ընտրությունն էականորեն չի կարող ազդել հայ-ադրբեջանական գործընթացի վրա: «Չեմ կարծում, որ Ադրբեջանում ընտրությունը շատ էական ազդեցություն կունենա, քանի որ հակամարտությունը տարբեր մրցակցային տեսակետներ չի առաջացնում [Ադրբեջանոի ներսում]»։

Բրոյերսը համակարծիք է՝ Բաքուն չի շտապում խաղաղություն կնքել Երևանի հետ: «Եթե Ադրբեջանը կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները՝ քննարկվող խաղաղ համաձայնագրի միջոցով, ապա այն կնշանակի երեք տասնամյակների քաղաքական ռազմավարության ավարտ, որը համախմբել էր ադրբեջանական հասարակությանը հակամարտության շուրջ: Այդ ռազմավարությունը մեծապես թույլ էր տալիս ճնշել այլակարծությունը և դրանով բացատրել բարեփոխումների ձգձգումը»:

Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո ակնհայտորեն նկատվում է լարվածության աճ, և չնայած Բաքվի ու Երևանի միջև մյունխենյան հանդիպմանը՝ լարվածությունը շարունակում է պահպանվել:

Ռուսաստան

Ռուսասատանում նախագահի ընտրությունները նախատեսված են մարտի 15-17-ին, որոնք առաջինն են Ուկրաինա Կրեմլի ներխուժումից և Սահմանադրությունը փոխելուց հետո, ըստ որի Վլադիմիր Պուտինի նախագահության նախկին ժամկետները զրոյացան՝ նրան հնարավորությոնւ տալով կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։

Դիտոդները չեն կասկածում. Պուտինը ընտրություններում կհաղթի։ Գրեթե քառորդ դար տևած նրա կառավարման հետևանքով երկրում հաստատվել է բռնապետական համակարգ, վերացվել է այլախոհությունը, սահմանափակվել են ազատությունները, կառավարությունն ամբողջությամբ վերահսկում է մամուլը: Ընդդիմադիր գործիչները կա՛մ կալանավայրում են՝ շինծու մեղադրանքով, կա՛մ հարկադրաբար գաղթել, կա՛մ գերեզմանում՝ հաճախ սպանված:

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահը կալանավայրում ցնցեց միջազգային հանրությունը: Վաշինգտոնը Նավալնիի մահվան համար մեղադրել է Պուտինին՝ պատժամիջոցների նոր փաթեթ կիրառելով Մոսկվայի նկատմամբ:

Ալեքսեյ Նավալնիի կնոջ՝ Յուլիայի ու նրա դստր հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարեց. «Վստահեցրել եմ, որ նրա ժառանգությունը կապրի ամբողջ աշխարհում, և Միացյալ Նահանգները կշարունակի հետամուտ լինել, որ Պուտինը բարձր գին վճարի Ռուսաստանից դուրս իր ագրեսիայի և ներքին բռնաճնշումների համար»:

Առաջիկա ընտրությունները տեղի են ունենում Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի շարունակման պայմաններում։ Ձգձգվող հակամարտությունը շարունակում է անուղակիորեն ազդել Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի վրա, որում Ռուսաստանը պատմականորեն եղել է առանցքային միջնորդ:

Գումարվում է Հայայստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամը. Երևանը պնդում է, որ Մոսկվան և նրա գլխավորած ռազմական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, չեն կատարում իրենց պարտավորությունները, ուստի Երևանը ձգտում դիվերսիֆիկացնել իր արտաքին ու անվտանգային քաղաքականությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս անգամ խոսեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության ըստ էության սառեցման մասին։

Անդրադառնալով հայ-ռուական հարաբերություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:

Ըստ վերլուծաբան Լորենս Բրոյերսի, Ռուսաստանի նախագահի ընտրությունը որևէ փոփոխություն չի առաջացնի Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային գործրնթացում: «Իրավիճակի փոփոխություն պետք չէ ակնկալել և [Ռուսաստանի] նախահագի ընտրությունն էական ազդեցություն չունի հայ-ադրբեջանական գործընթացի վրա»:

Պուտինի վերընտրվելը հավանաբար կնշանակի հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում անկայունության շարունակություն։ Մոսկվան պնդում է, որ առանց իր միջնորդության անհնարին է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, սակայն Ռուսաստանի դիրքորոշումը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ու հետո, ռուսական խաղաղապահների անգործությունը Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության ընթացքում և ի վերջո՝ Կրեմլի ագրեսիան Ուկրաինայի դեմ, կասկածի տակ են առնում նրա միջնորդական առաքելության արդյունավետությունը Հարավային Կովկասում և այլուր:

Այս առիթով ԱՄՆ պետքարտուղարի առաջին փոխտեղակալ Յուրի Քիմը նշել է. «Երբ հարևանները և աշխարհի մյուս երկրները տեսնում են Ռուսաստանի վարքագիծը, ներառյալ՝ նրա ներխուժումը հարևան երկիր և փորձը՝ վերափոխել միջազգային հանրության ճանաչած սահմանները, ապա զարմանալի չէ, որ Հայաստանը և նրա նման այլ երկրներ վերանայում են իրենց մոտեցումները և նյարդայնանում Ռուսաստանի մտադրություններից: Պուտինի գործողությունները շատ լուրջ հարցեր են առաջացրել միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի վերաբերյալ»:

ԵՄ

Եթե ավտորիտար կառավարման համակարգ ունեցող պետություններում, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստանը, ընտրությունները կանախատեսելի են, եւ լուրջ քաղաքական տեղաշարժ չենք խոստանում, ապա ԱՄՆ-ի և ԵՄ-ի նման ժողովրդավար երկրներում կամ դաշինքներում թե՛ քաղաքական տեղաշարժը եւ թե՛ դրա արդյունքները մնում են անորոշ: Այստեղ ուկրաինական պատերազմը և օգնությունը Կիևին՝ նախընտրական գլխավոր թեմաներից են, որոնց ուշադրությամբ հետևում են նաև Հարավային Կովկասում:

«Կովկասում մարդիկ իսկապես հետևում են, թե Ամերիկայի և ԵՄ-ի ընտրություններն ինչպես կազդեն ուկրաինական պատերազմի վրա: Կստիպե՞ն Ուկրաինային բանակցել, ի՞նչ դիրքորոշմամբ հանդես կգա Ռուսաստանը։ Այնպես որ, այս ամենը մի փոքր հեռացնում է մտքից, թե անմիջական ինչ ազդեցություն կունենան [ամերիկյան ու եվրոպական] ընտրությունները հայ-ադրբեջանական զարգացումների վրա, բայց ընդգծում եմ՝ առկա է երկրորդային ազդեցության գործոնը, որը կարող է ի հայտ գալ եվրոպական ընտրությունների արդյունքում»,- պնդում է «International Alert» կազմակերպության վերլուծաբան Մարինա Նագային։

Հունիսի 6-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին կմասնակցեն ավելի քան 400 միլիոն ընտրողներ՝ միության անդամ բոլոր 27 երկրներում: Դրանք Եվրամիության առաջին ընտրություններն են միությունից Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո։ Պատգամավորների քանակը կախված է երկրի բնակչության թվից. որքան մեծ է բնակչությունը, այնքան շատ մանդատներ ունի տվյալ երկիրը։ Եվրախորհրդարանում այժմ կա 705 պատգամավոր, որոնք խմբակցություններ են ստեղծում՝ ելնելով կուսակցական պատկանելիությունից, այլ ոչ թե ըստ երկրների։ Եվրախորհրդարանն ունի յոթ խմբակցություն և 42 անկախ պատգամավոր։

Ըստ դիտորդների, ազգայնական և պոպուլիստական կուսակցությունները զգալի ժողովրդականություն են վայելում բազմաթիվ երկրներում: Եվրախորհրդարանում նրանք ներկայացված են երկու խմբակցություններով, բայց Եվրամիության օրենսդիր մարմնի նոր կազմում, ըստ դիտորդների, ծայրահեղ աջ՝ «եվրահոռետեսների» թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, ինչն էլ կարող է իր արտացոլումը գտնել Բրյուսելի արտաքին քաղաքականությունում:

Սակայն Եվրամիության արտաքին քաղաքական օրակարգում ցանկացած փոփոխություն կարող է ազդել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Դաշինքը, ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ակտիվ միջնորդ է հայ-ադրբեջանական երկխոսությունում, իսկ Բրյուսելը՝ կարևոր հարթակ բանակցային գործընթացում:

«Եվրամիության ընտրությունները կարևոր են, քանի որ [արդյունքում] ականատես կլինենք այս հիմնախնդրով զբաղվող բազմաթիվ առանցքային գործիչների փոփոխության: Հայաստանի և Ադրբեջանի հարցում խնդիրներ կան, որոնց լուծումները պետք է արագացվեն»,- գտնում է Լորենս Բրոյերսը:

Չնայած նախկինում արված հայտարարությանը՝ Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու մասին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այս հունվարի վերջին անսպասելիորեն հայտարարեց, որ հրաժարվում է ընտրություններին մասնակցելուց և, փոխարենը, կշարունակի գործունեությունը Եվոևապան խորհրդի նախագահի պաշտոնում: Այդ շրջադարձը նշանակում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում Եվրամիության առանցթային դերակատարը՝ Բելգիայի նախկին վարչապետ Միշելը, չի հեռանա պաշտոնից մինչև իր մանդատի ավարտը՝ այս դեկտեմբերին։

ԱՄՆ

Անշուշտ, այսօր աշխարհի ուշադրության կենտրոնում է Միացյալ Նահանգներում անցնող աննախադեպ նախընտրական պայքարը: Ինչպես հայտնի է, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիվ իրավական խնդիրների առջև է՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները ապօրիանաբար չեղարկելու փորձին իր ենթադրյալ աջակցության պատճառով: Այնուամենայնիվ, Թրամփը շարունակում է առաջատար լինել Հանրապետական կուսակցության թեկնածուների շարքում և մի փոքր առավելություն ունի գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի նկատմամբ: Ինչ վերաբերում է Բայդենին, ապա ոմանք մտահոգված են նրա տարիքի կապակցությամբ․ այս նոյեմբերին՝ ընտրությունների օրը Սպիտակ տան ղեկավարը կլինի 81 տարեկան։

Մարտի 5-ին ԱՄՆ-ի 15 նահանգներում կայացան «Սուպեր երեքշաբթիի» շրջանակում ներկուսակցական ընտրություններ՝ փրայմերիզներ, որի ժամանակ հանրապետականների ու դեմոկրատների կողմնակիցները ընտրում են գալիք նախագահական ընտրություններում իրենց կուսակցությունը ներկայացնող թեկնածուներին։ Դեմոկրատների շրջանում հաղթանակ տարավ գործող նախագահ Ջո Բայդենը, իսկ հանրապետաանների մոտ՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Վերջինիս հիմնական մրցակիցը՝ Նիկի Հեյլին չորեքշաբթի առավոտյան հայտարարել է, թե դադարեցնում է մրցապայքարը՝ «սուպեր երեքշաբթիի» ժամանակ արձանագրված արդյունքների հիման վրա: Թե՛ Դոնալդ Թրամփը և թե՛ Ջո Բայդենը կոչ են արել Հեյլիի կողմնակիցներին միանալ իրենց:

Ամերիկայում քչերն են կասկածում, որ ընտրության արդյունքները կանդրադառնան ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա․ գործող նախագահ Բայդենն ու հանրապետականների հավանական թեկնածու Թրամփը ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ բազմաթիվ միջազգային հարցերի շուրջ:

«ԱՄՆ նախագահի ընտրությունը կունենա զգալի ազդեցություն՝ երկու հավանական թեկնածուների շատ տարբեր տեսլականների պատճառով, որոնցով նրանք առաջնոդվում են ԱՄՆ արտաքին քաղաքականության և միջազգային կարգի հարցերում»,- ընդգծում է վերլուծաբան Լորենս Բրոյերսը:

Վերլուծաբանների կարծիքով, Թրամփի նախագահության դեպքում կվերանայվի ամերիկյան քաղաքականությունը նաև Հարավային Կովկասում.

«Եթե Թրամփը նախագահ ընտրվի, ապա Հարավային Կովկասում ԱՄՆ նպատակը՝ նվազագույնի հասցնել, կամ վերացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, այդ ժամանակ ի չիք կդառնա»,- կարծում է վերլուծաբան Աննա Ֆիլիփսը:

«Եթե Բայդենը վերընտրվի, ապա կունենանք գլոբալ այլ համատեքստ։ Հավանականությունն ավելի մեծ է, որ ԱՄՆ-ն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը»,- նշում է Լորենս Բրոյերսը:

Իր հերթին՝ Նյու Հեմփշիրի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Դանթե Սկալան վստահ է, որ Դոնալդ Թրամփը շարունակելու է ջանքերը՝ ապացուցելու, որ իր նախագահությունն ավելի ադյունավետ ու խաղաղ էր: «Թրամփն այժմ կանի հնարավորը՝ ապացուցելու, որ իր նախագահության օրոք ամեն ինչ ավելի լավ էր, տնտեսությունն ավելի ուժեղ էր, գնաճը՝ փոքր, և ողջ աշխարհում քաոսն անհամեմատ քիչ էր: Կփորձի ապացուցել ամերիկացիներին, այդ թվում՝ արվարձաններում բնակվող կրթված ընտրազանգվածին, որ իրենց կյանքն ավելի լավն էր իր նախագահության օրոք»։

Ամփոփում

Այսպիսով, Եվրոպական և ամերիկյան ընտրությունները կարող են զգալիորեն ազդել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա: Ընտրությունների արդյունքում արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի համար, ազդել բանակցելու՝ Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության, Երևանի ու Բաքվի վրա ցուցաբերվող միջազգային ճնշման, խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի ու Հարավային Կովկասում ընդհանուր կայունության վրա:

Այս է պատճառը, որ այսօր Հարավային Կովկասում շունչը պահած սպասում են թե ինչ ավարտ կունենա ընտրական տարին աշխարհում։

  • Կիսվել: