շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իմպիչմենթի հարցով ՔՊ–ական պատգամավորների հետ եղել են քննարկումներ. Փողոցային պայքար է պետք. Մամիջանյան

Իմպիչմենթի հարցով ՔՊ–ական պատգամավորների հետ եղել են քննարկումներ. Փողոցային պայքար է պետք. Մամիջանյան

Իմպիչմենթի թեման քնած չի եղել, որ մենք արթնացնենք, կամ չարթնացնենք։ Այս մասին, այսօր՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀԿ–ի կողմից վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հայտարարությանը։

«Միշտ մեր օրակարգի թիվ մեկ հարցն է։ Իմ համեստ կարծիքով, դա վերջին շրջանում  միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ  քաղբանտարկյալ և մեր ընկեր Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է իմպիչմենթի միասնական թեկնածու։ Պարոն Համբարձումյանի երեկվա նամակը պետական մտածողության, բոլորիս ընդհանրական նպատակի՝ այն է իշխանափոխության, կարևորությունը գիտակցելու և երկրորդական նպատակները մի կողմ դնելու, ինչպես նաև անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էր։

Նա ոչ թե ակնարկ է արել, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին, որովհետև իմ համեստ կարծիքով՝ դեմ լինել իմպիչմենտին, նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որը ընդդիմության համար անընդունելի գործելաոճը»,–ասաց նա։

Մամիջանյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ գործադիր մարմինը մոտ օրերս նիստ կգումարի և արդեն պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի և առաջիկա պրոցեսների վերաբերյալ։

Նս հստակեցրեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հենց  գործընթացի այս փուլը նկատի ուներ, երբ օրերս հայտարարել էր, որ նորություն կլինի իրենց կողմից։

Դիտարկմանը, որ մի քանի ընդդիմությունը փողոցային պայքար է սկսել ու ձախողվել է, ի՞նչ երաշխիք կա, որ այդ այդ անգամ կհաջողվի, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մինչև հիմա տեղի ունեցած բոլոր փողոցային պայքարները, այո, իրենց ամբողջական նպատակին չեն հասել, այդտեղ վիճել հնարավոր չի, բայց անվանել ձախողված մի գործընթաց, որի ընթացքում մենք, մեր պայքարի եղբայրները հայտնվել են անազատության մեջ, կրել են ծանր մարմնական վնասվածքներ և այլն, մի քիչ կոռեկտ չի հենց իրենց իսկ նկատմամբ։

Որևէ պայքար նախաձեռնելիս կամ դրա ամենավտանգավոր տեղերում ներգրավվելիս Հանրապետականը երբեք չի հաշվարկում շանսերը, շանսերը լավն են՝ սկսենք պայքարել, շանսերը այդքան էլ լավը չեն՝ սկսենք չպայքարել։ Կաթիլը քար է ծակում և մենք պարզապես պարտավոր ենք, հաշվի առնելով մեր խոստումները, հաշվի առնելով մեր ասածները։

Ես չեմ կարող երաշխավորել այս կամ այն պայքարի փուլը ինչ արդյունքի կհասնի, բայց կարծում եմ պատճառաբանությունը, որ «իսկ եթե չստացվի», պայքարը չսկսելու համար տեղին չէ»։

Հիշեցմանը, որ իրենք ժամանակին վստահեցնում էին, որ կան ՔՊ-ական պատգամավորներ, որ իմպիչմենթի գործընթացի ստորագրահավաքին կարող է միանան, հիմա կա՞ն այդպիսիք, մասնավորապես, քննարկումներ եղե՞լ են «Պատռիվ ունեմ» խմբակցություբնից հեռացած պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, Մամիջանյանն արձագանքեց. «Իշխան Զաքարյանի հետ քննարկումներ եղել են, թե ինքը ինչի է պատրաստ, ինչի պատրաստ չի, կարծում եմ պետք է հարցնել իրենից։ Ինչ վերաբերվում է ՔՊ-ական նաև մնացած պատգամավորների հետ քննարկումներին,  ամենատարբեր ձևաչափերով, ամենատարբեր մարդկանց կողմից եղել են քննարկումներ, եղել են աշխատանքներ, բայց դուք էլ եք հասկանում, որ եթե վարչապետի միասնական թեկնածուին հայտարարելուց մեկ ամիս հետո կալանավորում են, ակնհայտ է, չէ՞, որ այն ՔՊ-ականները, որոնք այս կամ այն գործընթացի մեջ են, կվախենան հրապարակային դրա մասին ասեն։

Այն ՔՊ–ական պատգամավորները, որոնք, ենթադրենք, այսօր երեկոյան ստորագրելու են իմպիչմենտի գործընթացը, շատ հավանական է, որ առավոտը տան ինտերվյու և ասեն, որ ամեն ինչ լավ է, մեր թիմը կուռ է և այլն։ Դա ցուցիչ չի։ Աշխատանքները տարվում են, այդ աշխատանքներին իշխանությունները սևդոիրավական, քաղաքական հետապնդումներով ամեն կերպ խանգարում են՝ սկսած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումից, վերջացրած իր ազգականների նկատմամբ հետապնդումներից»։

Ճշտող հարցին՝ եղե՞լ են ՔՊ–ական պատգամավորներ, որ ր պատրաստ են եղել ստորագրել իմպիչմենթի փաստաթղթի տակ, Մամիջանյանն ասաց. «Եղել են քննարկումներ, եկեք ես ավելին չասեմ»։

  • Կիսվել: