շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որպես հանրություն մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք․ Փաշինյան

Որպես հանրություն մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոփոխվող աշխարհում պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է համարում՝ առաջարկելով պետական հայեցակարգային ուղենիշ: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում։

«Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը սա համարեց կառավարության և անձամբ իր աշխատանքի կարևորագույն մասերից:

«Եվ իմ վարչապետության հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ: Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե, գիտակցումից կամ ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի և պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը: Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի: Եվ այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը, նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելն է, այդ գործին նպաստելը՝ հայրենասիրության գերադրական աստիճան»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա հասունացման ճանապարհ է, որն անցնում են կառավարությունը, խորհրդարանը, փորձագիտական հանրությունը, ժողովուրդը:

Վարչապետն այս հասունացման առանցքային խորհրդանշական պահերից մեկը համարեց ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ. կմ լինելու մասին ԱԺ ամբիոնից իր արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցը: «Դրանից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք»,-ասաց Փաշինյանը՝դա համարելով ոչ այնքան չիմացության խնդիր, որքան կրած անհաջողությունների ու ձախողումների անկյունաքար:

Ըստ նրա՝ այս ամենից հետևությունը պետք է լինի միանշանակ. «Փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ: Եվ այս նպատակին է ծառայում վերը առաջարկված կարգախոսը»:

  • Կիսվել: