երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իմ ու վարչապետի միջեւ որեւէ հակասություն չկա եւ երբեւիցե չի կարող լինել. Ալեն Սիմոնյան

Իմ ու վարչապետի միջեւ որեւէ հակասություն չկա եւ երբեւիցե չի կարող լինել. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյան միջև տարաձայնություններ չկան ու չեն էլ կարող լինել։  Ալեն Սիմոնյանը այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

«Իմ ու վարչապետի միջեւ տարաձայնությունը բացառված է, մեր մեջ որեւէ հակասություն չկա եւ երբևիցե չի կարող լինել: Մենք մի թիմ ենք, ինքն իմ ղեկավարն է, իմ ընկերն ու գործընկերն է»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ իր հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել, մինչդեռ Սիմոնյանն ավելի վաղ  հայտարարել էր, որ Աշոտ Փաշինյանի հանդեպ հարձակում է տեղի ունեցել։

Սիմոնյանը նշեց, որ քաղաքական գնահատական է տվել։

«Կարծում եմ, որ գնահատականն է, որ տարբեր է։ Ես չեմ ուզում որևիցե ձևով հակադրվել կամ մեկնաբանել։ Ես դա չեմ մեկնաբանում։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքական սադրանքները կան, և կարծում եմ, որ քաղաքական սադրանքները, ցավոք,  փորձելու են շարունակել»,- ավելացրեց Սիմոնյանը։

Նշենք, որ նախօրեին Ալեն Սիմոնյանը գրառում էր արել՝ նշելով, որ հարձակում է տեղի ունեցել ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Իսկ արդեն այսօր վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ում հերքել էր, թե իր նկատմամբ որեւէ հարձակում է եղել: «Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել էր Աշոտ Փաշինյանը:

Դրանից հետո Ալեն Սիմոնյանը ջնջել էր իր գրառումը:

  • Կիսվել: