Իմ ենթակայության տակ բժիշկներ կան, որ մեր պարգևավճարի կրկնակին են ստանում մեկ ամսում. Հիմա դա արդա՞ր է. Ավանեսյան
Կառավարությունը արդեն այդ մասով պարզաբանումներ ներկայացրել է, ես էլ հայտարարագրվող անձ եմ, հայտարարագիրս կներկայացնեմ, կտեսնեք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տարեվերջին նախարարների՝ 5-7 մլն դրամ պարգևավճար ստանալուն։
Հարցին՝ ոոքանով է ազնիվ այս աղքատության պայմաններում նման չափով պարգևավճարների ստացումը, նա պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ դուք այս հարցը տալիս եք։ Դուք կառավարության որոշումների ընդունման ժամանակ չէիք արձանագրե՞լ, որ պետական համակարգի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր որոշում է կայացվել, և սա վերաբերում է ամբողջ պետական համակարգին։ Դրան նախորդել էր վարչապետի հանդիպումը պետական համակարգի մարմինների աշխատակիցների հետ, և մենք խնդիր ունենք մեր պետական համակարգում ներգրավելու մասնագետների և պահելու այն ռեսուրսը, ինչը որ մեզ օգնելու է մեր պետության զարգացման համար։
Նշվել է, որ 2017 թվականից առ այսօր ՀՀ բյուջեի նման աճը ենթադրում է կրկնակի, եռակի, քառակի աշխատանք, ինչին մենք պետք է անդրադառնանք։
Դուք բոլորդ ուզում եք, որ պետական համակարգը լավ աշխատի, այնտեղ լինեն արհեստավարժ մասնագետներ, և այս վարձատրության նոր մեխանիզմը ընդունված է բաց թափանցիկ կառավարության որոշմամբ, հստակ սկզբունքների հիման վրա, արդյունքահեն։
Բոլոր պետական մարմինները ունեցել են հաշվետվողական առանձին ձևաչափ, իրենց կատարած աշխատանքի, առաջնահերթություններին հասնելու համար, և այո, պետական համակարգը ստացել էր համապատասխան փոխհատուցում»,–ասաց Ավանեսյանը։
Դիտարկմանը, որ Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ մարդն աղքատ է, նա արձագանքեց. «Չգիտեմ ինչ ցուցանիշ եք նշում, հենց աղքատության վերացման մասով պետական համակարգի աշխատանքն է եղել, որ այդ աղքատության ցուցանիշը իջել է և մեր տնտեսվարողների, որոնք մեր Հայաստանի զարգացման հենասյուն են, նրանց տնտեսական աճի պոտենցիալը ամբողջությամբ ապահովելու մեջ հենց պետական մարմինների աշխատանքն է ընկած»։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ 6-7 մլն դրամի պարգևավճարը իր ենթակայության տակ աշխատող բժիշկներից շատերի երկու տարվա աշխատավարձն է, առողջապահության նախարարն ասաց. «Իմ ենթակայությամբ աշխատող բժիշկներ ունենք, որոնք ստանում են այս պարգևավճարի կրկնակին մեկ ամսվա ընթացքում։ Հիմա դա արդա՞ր է։
Իսկ պոլիկլինիկական օղակի աշխատակիցների աշխատավարձերն էլ վերջին տարիսերին բոնուսների համակարգով էականորեն աճել է և աճելու է հաջորդիվ»։


